«Ելք» դաշինքի ընտրական շտաբի պետ Հայկ Սարգսյանը Արթուր Այվազյանի՝ «Մանախի» դեմ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեում ցուցմունք էր տվել, որ մարտի 31-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, 9 հոգով գտնվել են Մալաթիա վարչական շրջանի Անդրանիկի 53 շենքում եւ թռուցիկներ էին բաժանում: Այդ ժամանակ էլ նկատել են, որ մեքենային ամրացված դրոշը չկա: Փորձել են պարզել, թե ով է տարել։ Բակում այդ պահին ներկա քաղաքացիները ցույց են տվել Արթուր Այվազյանին։ Հայկ Սարգսյանը մոտեցել է Արթուրին եւ «խնդրել է դրոշը հետ վերադարձնել։ Սակայն Այվազյանն ագրեսիվ կերպով ասել է, թե ինչու են դրոշը քարոզչության համար օգտագործում, այն ինքը տարել, դրել է ընկերոջ գերեզմանին»։ Վիճաբանություն է սկսվել եւ ըստ տուժող ճանաչված Հայկի՝ Արթուր Այվազյանն առաջինը ինքն է հարվածել նրան, Հայկն ընկել է գետնին, ինչից հետո իր ձեռքում եղած իրերը շպրտել է Արթուր Այվազյանի ուղղությամբ։ Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեում, երբ տուժող Հայկ Սարգսյանի հետ պետք է առերեսվեր «Մանախը», վերջինս հայտնել է, որ ցանկանում է, որպեսզի առերեսումը նկարահանվի, հակառակ դեպքում՝ կհրաժարվի մասնակցել քննչական այդ գործողությանը։
Արթուր Այվազյանը չորս ձեռագիր էջից կազմված նամակ է ուղարկել «Առավոտին», մասնավորապես հայտնելով. «Տեղեկացնում եմ Ձեզ այն անհերքելի ապացույցների մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Նավոյանի վարույթում քննվող իմ վերաբերյալ քրեական գործի նախաքննության իրականացման ընթացքում նույն բաժնում ստեղծվել է քննչական խումբ: Քննիչը կամ չունենալով համապատասխան իրավական գիտելիքներ, հանդիսանալով այս քրեական գործի նախաքննության իրականացման համար ոչ պատշաճ քննիչ, կամ դիտավորությամբ՝ իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, չի ձեռնարկել օրենսդրությամբ անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտման համար»:
Ըստ կալանավորի, քննիչը նախաքննության ընթացքում «քննությամբ դեռեւս չպարզված անձանց կողմից» եւ մեխանիզմով «արհեստականորեն ստեղծել է կեղծ մեղադրական ապացույցներ»: Կալանավորը խնդրում է իրականացնել լրագրողական հետաքննություն, ելնելով գործի առանձնահատկություններից, հասարակական հնչեղությունից, եւ «գործի վերաբերյալ առկա պատվերի հանգամանքից»:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, որ «Ելք»-ի վստահված անձանց նկատմամբ Երևան քաղաքի Սվաճյան ու Անդրանիկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել զինված հարձակում, գողացել են դրոշները: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նույն օրն ստացվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում։ Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին Ա. Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի առաջին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»
20.06.2017