Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժը ձախ ականջին հարվածներ ստանալուց հետո լավ չի լսում, կան ցավեր

Հունիս 21,2017 15:00

Մեզանում առանձին քննարկման նյութ չեն դառնում միջհարեւանական հարաբերությունները, համակեցության կանոնները, որոնց չհարգելն ու անպատժելիությունը հաճախ ավարտվում է ծանր հետեւանքներով:

Զրուցակիցս՝ Ն. Ջ.-ն, քառասուն տարի հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Գյումրու երկու դպրոցներում: Ընտանեկան խնդիրների հետ կապված՝ հինգ տարի առաջ Ն. Ջ.-ն տեղափոխվել է Երեւան, բնակվում է որդու հետ՝ Շենգավիթ համայնքի բնակելիներից մեկում:

Ուսուցչուհին այսօր էլ աշխատում է, ունի բազմաթիվ խրախուսանքներ, պատվոգրեր, արժանացել է կրթության նախարարի հատուկ դիպլոմին:
Սակայն մի քանի օր է, ինչ գյումրեցի մանկավարժին կարող ես տեսնել ոստիկանության Շենգավիթ վարչական շրջանի հետաքննիչի մոտ կամ՝ տարբեր բուժհաստատություններում:

Հունիսի 4-ին, ժամը 15-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի իրենց տան շքամուտքի մոտ նրանց հարեւանը՝ թաղապետարանի աշխատակիցը, անչափահաս որդու եւ մի քանի անձանց հետ դաժան ծեծի են ենթարկել Ն.Ջ-ի որդուն, որն առաջին խմբի հաշմանդամ է, եւ մորը, ով փորձել է պաշտպանել որդուն անվայել, արժանապատվությունը վիրավորող արտահայտություններից, մասնավորապես՝ «գիժ», «հոգնած», «հոգեկան»…

Հետաքննիչի մոտ տված բացատրության համաձայն, ծեծը տեւել է կես ժամ, եւ գործի են դրվել ոչ միայն ձեռքերն ու ոտքերը, այլեւ՝ փայտը, խողովակը:
Զրուցակցիս որդին ունի սահմանափակ կարողություններ: Նրա արտաքինին նայելով չես կարող տեսնել ներսում բուն դրած անասելի ցավը, առաջին հայացքից նա զուսպ, քչախոս, դաստիարկված, անշառ մարդու տպավորություն է թողնում:

«Նրանք որդուս ծաղրուծանակի ենթարկեցին հարեւանների ներկայությամբ, սպառնալով՝ ոտքերդ կջարդեմ, վրայովդ կանցնեմ եւ այլ արտահայտություններով»,-պատմում է դատաբժշկին դիմած զրուցակիցս:

Ինչ վերաբերում է թաղապետարանի աշխատակցին եւ նրա որդուն, զրուցակիցս հետաքննիչին հայտնել էր. «Նրանք անխնա հարվածում էին ինձ՝ անպաշտպան որդուս դաժան ծեծից փրկել փորձող մորը: Հարվածում էին գլխիս, ձախ ականջիս, այտիս՝ սարսափ տարածելով ահաբեկված բնակիչների շրջանում»:

Հետաքննիչ Ն. Մարգարյանը հայտնել էր, թե նյութեր են նախապատրաստել եւ գործը կուղարկի քննչական կոմիտե՝ քրեական գործ հարուցելու, նախաքննություն իրականացնելու համար:
Ի դեպ, երկրորդ խմբի հաշմանդամ մանկավարժին տրվել էր դատաբժշկի ուղեգիր:

Նրա ձախ ականջը հավանաբար վնասվել է, որովհետեւ ոչ միայն լավ չէր լսում, այլ նա դժգոհում էր ուժեղ ցավերից ու աղմուկից:
Զրուցակիցս ասում է, որ Երեւան տեղափոխվելուց հետո առաջին անգամ չէ, որ նման սադրանքների մեջ են ներքաշվում իրենք: Մասնավորապես, հիշում է, որ մեկ ու կես ամիս առաջ որդին տուն էր վերադարձել փշրված ատամներով, պատռված շուրթով, աչքի տակը վնասված:

Այդ ժամանակ վախեցել էին դիմել ոստիկանություն՝ խուսափելով թաղային խուլիգանների սպառնալիքներից ու հետեւանքներից: Իսկ թե ինչպես էր վնասվել որդու աչքը, տիկինն ասում է, որ հարեւանի որդին մետաղական ձողով հարվածել էր որդու աչքին, իսկ մի քանի բացերախ հարեւաններ հրճվել են այդ արարքից:

Խնդիրն առնչվում է շենքի տարածքում անարգել տեղաշարժվելուն, պարբերաբար երիտասարդի արժանապատվությունը վիրավորելուն, ցուցադրաբար հնչեցվող սպառնալիքներին:
«Նրանք կենդանական, անբնական հաճույք են ստանում իրենց արածից ու կազմակերպածից, երբեք չնախատելով թաղային խուլիգաններին: Շատ հաճախ իրենց արյունալի ծեծերին մասնակից են դարձնում մեզ համար պատահական, անծանոթ երիտասարդների»,-ասում էր տուժող մայրը:

Տուժողը նամակով դիմել է նաեւ հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, գրելով. «Գիտակցելով, որ վերոնշյալ անձինք ունեն բազմաթիվ հովանավորներ եւ իրենց համարում են անպատժելի, որոշեցի հայտնել Ձեզ, որպեսզի վերջ տրվեն մեր նկատմամբ այս անմարդկային նսեմացումները, քանի որ նրանք ընդունակ են ցանկացած ստոր արարքի: Սարսափած եմ իմ եւ որդուս կյանքին սպառնացող վտանգի համար»:

Մենք այս պահին ձեռնպահ ենք մնում անունները հրապարակելուց, քանի դեռ քրեական գործը հետաքննիչի մոտից չի ուղարկվել քննիչի մոտ՝ նախաքննություն իրականացնելու համար: Ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ռ. Մ.

«Առավոտ օրաթերթ»
20.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930