Լրահոս
Օրվա լրահոսը

Նյուրնբերգի թատրոնի հայազգի սոպրանոյի այցեքարտը 3 գլուխգործոցներ են

Հունիս 21,2017 14:00

Մինչ հայաստանյան պրոդյուսերական դաշտը ավելի քան 25 տարի կայացման փուլում է, մեր երիտասարդ երաժիշտներին գտնում եւ «տեր են կանգնում» արեւմտյան պրոդյուսերները: Օրինակ՝ հայտնի Zemsky Green գործակալության ագենտ Ալեն Գրինը, որը ներկայացնում է այնպիսի օպերային աստղերի, ինչպիսիք են Նինո Մաչաիձեն, Յոնաս Քաուֆմանը եւ այլք, վաղուց համագործակցում է գերմանաբնակ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցի հետ (լուսանկարում): Այսօր հայ սոպրանոյի այցեքարտն են համաշխարհային օպերային գրականության երեք կերպարները՝ Միմին (Պուչինի՝ «Բոհեմ»), Վիոլետան (Վերդի՝ «Տրավիատա») եւ Նորման (Բելինի՝ «Նորմա»): Ի դեպ, Ալեն Գրինը աշխատում է նաեւ տենոր Լիպարիտ Ավետիսյանի հետ:

Հրաչուհի Բասենցին Երեւանի օպերային թատրոնում որեւէ դերերգով երբեւէ չենք հանդիպել: Մինչդեռ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Գեղամյանի ուսանողուհու անունը հոլովվում էր դեռեւս ուսման տարիներին, Ղ. Սարյանի օպերային ստուդիայում մեկ-երկու ներկայացումներում (Հայդն՝ «Դեղագործը», Պերգոլեզի՝ «Սպասուհին՝ տիրուհի») երեւալուց հետո: Կոնսերվատորիան ավարտելուց հետո, 2005թ. երգչուհին մասնակցեց Վիեննայում կայացած հեղինակավոր «Belveder» մրցույթին եւ անմիջապես 6-ամսյա ժամկետով հրավիրվեց Գելզենքիրխեն քաղաքի Musiktheater im Revier, ապա Նյուրնբերգի օպերային թատրոն:

Նորմա

Տարիներ անց հայ հանդիսատեսը երգչուհուն առաջին անգամ հանդիպեց 2013թ., մեր օպերային թատրոնի «Վիվա Վերդի» նախագծում: Հաջորդ տարի հրավիրեցին երեւանյան Վիեննա-գալային: Իսկ 2016թ., Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը հրավիրեց արվեստագետին մասնակցելու Հռոմի պապի հայաստանյան այցի առիթով կայացած համերգին, հետո էլ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ իր կոլեգաների հետ նա հանդես եկավ Սուքիաս Թորոսյանի ռեժիսուրայով Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված բեմադրությունում՝ Միմիի դերերգով:

Միմի

Հիմա էլ Հրաչուհի Բասենցը հրավիրված է Երեւան՝ մասնակցելու Մարզահամերգային համալիրի բեմում հունիսի 23-ին կայանալիք «Ամեն» միջազգային նախագծին: Հիշեցնենք, որ «Առավոտի» հետ զրույցում (24.05.2017թ.) նախագծի երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանն ասել էր, որ դա էպիկական դրամա-շոու է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին, նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների եւ արժեքների մասին: Եվ քանի որ այս նախագիծը կցուցադրվի նաեւ օգոստոսին, Իտալիայի «Արենա դի Վերոնայում», ապա նախագծի գերխնդիրն է ցույց տալ, որ չնայած կորուստներին ու փորձություններին, հայերս շարունակում ենք սիրել, ստեղծագործել ու վայելել կյանքը:

Վիոլետա

Մեզ հետ զրույցում Հրաչուհի Բասենցն ասաց, որ հիշյալ նախագծում կերտելու է մոր հավաքական կերպարը, հոր դերում էլ կհանդիպենք անվանի բաս Բարսեղ Թումանյանին: «Ներկայացումը սկսվում է հեթանոսական ժամանակներից, ապա քրիստոնեություն, իսկ հետո՝ ցեղասպանություն… Ավարտը բարի է՝ հաղթում է բարին: Եվ այստեղից էլ շոուի խորագիրը՝ Ամեն»,- սեղմ ներկայացրեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը, առանց մանրամասնելու Հրաչուհի Բասենցը նշեց, որ եվրոպական թատրոններում ոչ միայն բեմ է դուրս գալիս հայտնի օպերաներում՝ գլխավոր դերերգերով, այլեւ իր ագենտի շնորհիվ մասնակցում տարբեր նախագծերի: Քանիցս հանդես է եկել եվրոպական բեմերում մենահամերգներով, ինչպես նաեւ Ամերիկայի, Ռուսաստանի, Կորեայի, Թուրքիայի տարբեր քաղաքներում:

Երգչուհին իր կարիերայում առանձնացրեց 2011 թվականը, երբ հանդես է եկել դեռեւս Հայոց ցեղասպանությունը չճանաչած Եվրապառլամենտում, հնչեցնելով Կոմիտաս, Կանաչյան, Միրզոյան, Աբրահամյան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»
20.06.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930