«Կառավարության ծրագրում բավականին բազմաբովանդակ ներառված են բոլոր ոլորտները: Ներկայացվել է կանխատեսելի, իրատեսական, հավակնոտ, ըստ տարեթվերի նախատեսված միջոցառումների ծրագիր, որը պետք է իրականացվի թիմային աշխատանքի արդյունքում»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը քննարկել է նաեւ ՀՀԿ խմբակցության հետ: Խմբակցության նիստը կայացել է ՀՀԿ գրասենյակում: Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարության ծրագիրը իշխող ՀՀԿ-ն անցած շաբաթ քննարկել էր նաեւ գործադիր մարմնի նիստում եւ հավանության արժանացրել:
«Վարչապետն իր և կառավարության անդամների կողմից վստահաբար պատրաստակամություն է հայտնում իրականացնել ծրագիրը և հասնել ներկայացված թվային ցուցանիշներին»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը`հավելելով, որ վաղը խորհրդարանում քննարկման դրվող ծրագիրն իր ոճով տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից: «Հինգ տարի անց Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին ներկայացված է ծրագրով: Կունենանք աճողական Հայաստան»,- վստահեցրել է Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀ կառավարությունը առաջիկա 5 տարիներին իր ծրագրի իրագործմամբ խոստանում է ՀՆԱ-ի միջին հաշվով 5 տոկոս աճ, արտահանման նշանակալի աճ` ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատում`նվազագույնը 12 տոկոսով, անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի, զբաղվածության ապահովում եւ այլն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ