Լրահոս
Օրվա լրահոսը

Կլոր սեղան` «Հայոց ցեղասպանություն. պատմության դասեր և ժամանակակից աշխարհը» թեմայով

Հունիս 20,2017 21:40

2017 թ. հունիսի 15-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Ռուսաստանի Պետական Հումանիտար Համալսարանի Պատմա-արխիվագիտական ինստիտուտում անցկացվեց կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. պատմության դասեր և ժամանակակից աշխարհը» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել էր ՌՊՀՀ Հոլոքոսթի և ցեղասպանությունների ուսումնաիրության միջազգային գիտա-կրթական կենտրոնի և  Արարատ մշակութային միության կողմից:

Կլոր սեղանին մասնակցում էին առաջատար ցեղասպանագետներ, Հայկական հարցով զբաղվող վերլուծաբաններ, հասարակական և կրոնական կառույցների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, մոսկովյան բուհերի ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Ռուսաստանում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Վերջինս իր ելույթում, մասնավորապես, շեշտեց Հայոց ցեղասպանության իրավական գնահատականի անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչպես նաև ընդգծեց գիտական միջոցառումների դերն ու նշանակությունը մարդկայնության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում: Ողջունելով ներկաներին՝ ՌՊՀՀ Հոլոքոսթի և ցեղասպանությունների ուսումնաիրության ՄԳԿԿ տնօրեն Իլյա Ալտմանը անդադաձավ ցեղասպանությունների դասավանդման անհրաժեշտությանը:Կլոր սեղանի մասնակիցներին իրենց ուղերձներն էին հղել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, ՀԱԱ տնօրեն, պ.գ.դ. Ամատունի Վիրաբյանը, ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հայկ Դեմոյանը, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Աշոտ Մելքոնյանը:

Քննարկման թեման 1915թ. մայիսի 24-ի Մեծ տերությունների համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի զանգվածային կոտորածները որակվում էին որպես «մարդկության և քաղաքակրթության» դեմ ուղղված հանցագործություններ: Իրենց փորձագիտական գնահատականներով հանդես եկան պ.գ.դ.Անդրեյ Զուբովը, պ.գ.թ.Վլադիմիր Զախարովը, ինչպես նաև փ.գ.թ.Վիկտոր Նադեին-Ռաեվսկին, որոնք շեշտեցին Անտանտի երկրների հայտարարության դերակատարությունը «Ցեղասպանություն» տերմինի մշակման հարցում, ինչպես նաև վերլուծեցին մարդկայնության դեմ հանցագործությունների իրավական պատասխանատվության անրաժեշտությունը ժամանակակից իրադարձությունների դիտանկյունից:

Փաստագրական հարուստ նյութի վրա հիմնված զեկույցներով հանդես եկան նաև երիտասարդ գիտնականները: «Ցեղասպանություններ և արխիվներ» որակավորման բարձրացման դասընթացի ունկնդիր Վարդան Պողոսյանը իր ելույթում խոսեց համատեղ Հռչակագրի նախապարաստման նախադրյալների մասին: ԵՊՀ միջազգայնագետ, Ժողովուրդների Բարեկամության  Ռուսական Համալսարանի ասպիրանտ Աննա Գևորգյանը ներկայացրեց ժամանակի հայ գործիչների ահռելի ջանքերը՝ ուղղված հայտարարության նախապատրաստմանն ու  հրապարակմանը: ԵՊՀ ասպիրանտ,  ՌՊՀՀ Հոլոքոսթի և ցեղասպանությունների ուսումնասիրության ՄԳԿԿ վերլուծաբան Արմինե Անտոնյանը կարևորեց փաստաթղթի իրավական նշանակությունը հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունները  ցեղասպանություն որակելու հարցում: Իր հերթին, ԵՊՀ արևելագետ, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտ Լարիսա Ալեքսանյանը անդրադարձավ Օսմանյան կայսրությունում Տեղահանության օրենքի ընդունման իրական դրդապատճառներին:

Միջոցառման ավարտին ծավալված քննարկման ընթացքում շոշափվեցին Հայոց ցեղասպանության դասավանդման մեթոդաբանության, արխիվային նյութերի ուսումնասիրության կարևորության և հրապարակման անհրաժեշտության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին առնչվող խնդիրներ:

Արմինե ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930