Հունիսի 20-ին, ժամը 14-ից հետո մոտ 15 րոպե տեղացած ուժգին կարկուտը եւ քամին մեծ վնասներ են տվել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի ցորենի եւ գարու արտերին, ծխախոտի ցանքերին, պտղատու այգիներին: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ գյուղում առկա հակակարկտային 3 կայանները գործել են, սակայն դրանք միասին Բագրատաշենի ընդհանուր 800 հեկտար գյուղատնտեսական տարածքներից 250-300 հեկտարը կարող են պաշտպանել:
Նա հայտնեց, որ կարկուտն ուժգին էր, այն հակակարկտային կայանների շրջակայքում էլ է տեղացել: Բագրատաշենի վարչական ղեկավարի խոսքերով` կարկտահարությունից եւ քամուց տուժել են նաեւ Բագրատաշենի հարեւան Պտղավան գյուղը, Հաղթանակ եւ Դեղձավան գյուղի գյուղատնտեսական տարածքների մոտ կեսը: Ուժգին քամուց Բագրատաշենի մաքսակետի մոտ, միջպետական ավտոճանապարհի երկայնքով կառույցների տանիքներ են պոկվել, ծառեր են արմատախիլ արվել:
Ժամը 19.10-ից մինչեւ 19.30-ը Նոյեմբերյան քաղաքում տեղատարափ անձրեւ տեղաց, որից սելավներ առաջացան, դրանք քաղաքի փողոցներում փոքր գետերի վերածվեցին, վնասեցին ճանապարհները, քշեցին ճանապարհի եզրին կուտակված ,շինարարության համար Երեւանի մոտից բերված ավազը եւ այլն:
Ժամը 19.30-ից մինչեւ 19.50-ը քամու ուղեկցությամբ ուժեղ կարկուտ է տեղացել Ադրբեջանին սահմանակից Ոսկեվան եւ Կոթի գյուղերում: Տավուշի մարզպետարանի տարածքային բաժնի մասնագետ Խաչիկ Ամիրաղյանը հայտնեց, որ կարկտահարության, ուժգին քամու եւ սելավների մասին հայտնել են մարզպետարան:
Նշենք, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հունիսի 20-ին Տավուշի մարզում բնական տարերքի դրսեւորումների մասին հաղորդագրություններ չկան:
2017-ը Տավուշի մարզի գյուղատնտեսության համար դժվար տարի է, տեղի են ունեցել ցանքերի եւ պտղատու այգիների ցրտահարություններ, բազմաթիվ կարկտահարություններ:
Ներկայացվող լուսանկարները Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցած տեղատարափ անձրեւի եւ սելավների մասին են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ