Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» ուսումնական կենտրոնը հունիսի 20-ին նշեց հիմնադրման մեկամյակը: Կենտրոնը հիմնադրվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` նպատակ ունենալով տարբեր տարիքային խմբերի համար կազմակերպել քրիստոնեական դասընթացներ:
Կանա ուսումնական կենտրոնի տնօրեն Էլզա Մանուկյանը հայտարարեց «Կանայի» բարեկամների ակումբի մասին, ասաց, որ բոլոր ներկաները համարվում են պատվավոր անդամներ, քանի որ իրենց կողքին են եղել, աջակցել են:
Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ հավաքված երեխաների ներկայությունը փաստում է, թե ինչպես է «Կանա» կենտրոնն իր ծրագրերն իրականացրել:
«Մեր խնդիր է, որ կենտրոնը հագեցած ծրագրերով կարողանա ծառայել մեր երեխաներին, ի դեմս երեխաների, նաեւ իրենց ընտանիքներին; Այստեղ երեխաները մասնակցում են ոչ միայն տարբեր կրթական ծրագրերի, այլ նաեւ ծնողներն են ակտիվորեն ընդգրկված կենտրոնի աշխատանքներում որպես կամավորներ, բարի կամք դրսեւորող անձինք:
Հիմնականում մենք մշակութային կրթության վրա ենք շեշտը դնում, որպեսզի երեխաները, բացի հոգեւոր, կրթական ծրագրերից նաեւ ծանոթանան մշակույթին: Մենք հատկապես կարեւորում, ուղղակի գուրգուրում ենք Տերյան մշակութային կենտրոնի հետ գորգագործության, գորգագործության դիզայնի ծրագիրը, ասեղնագործության եւ ուլունքագործության ծրագրերը» ,-հավելեց տեր Եսային:
«Կանայի» փոքրիկները ներկայացում էին պատրաստել, որի ավարտից հետո երեխաներին հյուր եկան հեքիաթի հերոսները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ