Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդյոք նույնիսկ ամենաջերմեռանդ աջակիցը կարող է իրեն իրավունք վերապահել…»

Հունիս 20,2017 20:30

«Բայց կներեք, եթե դա նույնիսկ այդպես է, արդյոք նույնիսկ ամենաջերմեռանդ աջակիցը կարող է իրեն իրավունք վերապահել` հանրության վստահությունը քվեարկության արդյունքների նկատմամբ սասանել: Ես կարծում եմ, որ պարոն Սվիտալսկին իր առաջին խոսքում այդպիսի մտահոգություն արտահայտել էր, այլապես ինչպես կարելի է բացատրել այն արձագանքը, որ դա նշանակում է նրա կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ…եթե այդ հայտարարությանը չարձագանքեին, այդ միտումը կարող էր խորանալ»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացման արտաքին ֆինանսավորման 90 տոկոսը Հայաստանը ԵՄ-ից է ստացել ու ՀՀ իշխանությունների հրապարակային խնդրանքով:

Պարոն Հարությունյանի խոսքով, ընտրական գործընթացի բարելավման հարցում կար Հայաստանի հանրապետություն- ԵՄ պարզ, բոլորի համար հասկանալի համագործակցություն, ու դրա նպատակը մի կողմից նրանց փորձառությունն օգտագործելն էր, մյուս կողմից՝ նրանց աջակցությունը առավելագույնս նպաստել ընտրական այնպիսի համակարգերի ու մեխանիզմների մշակման ներդրմանը, որոնց կիրառումից հետո հանրության մոտ ընտրության արդյունքների հանդեպ պետք է ձեւավորվեր վստահություն. «Ոչ թե հանրությունը գոհ կարող էր լինել արդյունքներով, հանրությունը պետք է վստահեր արդյունքներին, եթե ես օրինակ ԲՀԿ կողմնակից եմ ու ոչ թե «Ելքի», անշուշտ դժգոհ կլինեմ ընտրության արդյունքներով, բայց որ այդ արդյունքներն այդպիսինն են ու վիճահարույց չեն, դրա մասին է խոսքը գնում:

Որքան կարողացա հասկանալ Սվիտալսկու հայտարարություններից ու ենթադրում եմ՝ ՀՀԿ-ականներից ոմանք հենց այդպես էին ընկալել, նրա առաջին հայտարարության մեջ երանգներ կային, որ ընտրության արդյունքները վստահելի չեն, հարկավոր է էլ ավելի քայլեր անել վստահելիության մակարդակը բարձրացնելու համար: Ես կարծում եմ, որ իմ գործընկերներին թվում էր, որ Սվիտալսկին փորձ է անում շատ զգուշորեն քաղաքական մեկնաբանությունների հարթություն տեղափոխել քվեարկության արդյունքների նկատմամբ հանրային վստահության գործոնը»:

Պարոն Հարությունյանը նաեւ վստահ է, որ ԵՄ ներկայացուցչի ու ՀՀԿ-անների միջեւ տեղի ունեցած միջադեպը համագործակցության շարունակության վրա չի ազդի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930