Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքներում նոր հարկատեսակ կսահմանեն

Հունիս 20,2017 19:19

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կասկածի տակ է առնում կառավարության՝ աշխատավարձի մասին խոստումները: Կառավարությունը 2017-2022 թվականների համար կազմած նոր ծրագրով խոստանում է անվանական նվազագույն աշխատավարձի 25% աճի ապահովում:

Արտակ Մանուկյանին Aravot.am-ի հետ զրույցում նկատեց՝  անվանական նվազագույն աշխատավարձը, եթե այսօր 55 հազար դրամ է, ապա 5 տարուց 25% աճի դեպքում այն կլինի մոտ 67 հազար դրամ: Սակայն կառավարությունն այս ցուցանիշը նշելիս, ինչպես ասաց տնտեսագետը, հաշվի չի առել, կամ էլ չի ցանկացել հաշվի առնել մի կարեւոր հանգամանք՝ ինֆլյացիան.«Ծրագրում այս մասին չեն գրել: Նորմալ երկրներում, երբ կառավարությունները ծրագրով նման ցուցանիշներ են կանխատեսում, կարեւոր է աշխատավարձի ոչ թե անվանական աճը, այլ իրական աճը, որը «մաքրված» կլինի գնաճից: Անվական աճ կարող ես ունենալ, բայց ասենք՝ դոլարը դառնա 600 դրամ, հոսանքը, գազը թանկանա, կամ այլ առաջնային ապրանքներ թանկանան ու մարդն ավելի վատ ապրի, չնայած, ֆորմալ առումով, աշխատավարձը բարձրացել է: Այս կարեւոր հանգամանքը չնշելով, կառավարությունը մանիպուլյացիայի տեղ է ունենում»:

Ծրագրի մյուս ուշագրավ դրույթներից Մանուկյանն առանձնացրել է նոր հարկատեսակի ներմուծումը: «2017-2022 թվականների ընթացքում հետեւողականորեն ավելացնել համայնքի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտների բաժնեմասը՝ հավաքագրման կարգուկանոնի բարձրացման, նոր տեղական հարկերի սահմանման եւ նոր ձեռնարկությունների համար եկամտահարկի մասհանումների կիրարկման միջոցով»: Այս առնչությամբ Մանուկյանը նկատեց՝ կառավարությունը համայնքների բյուջեն լցնելու ճանապարհը տեսնում են նոր հարկատեսակի կիրառմամբ:

Այսինքն՝ «նոր տեղական հարկերի սահմանում» ասվածը ծրագրում չի մանրամասնվում, թե ինչի մասին է խոսքը, սակայն տնտեսագետը նշեց. «Ասենք՝ Երեւանում ավտոկայանատեղերի համար նոր հարկատեսակ սահմանվեց: Համայնքներում էլ հնարավոր է մի նոր տեսակի ծառայություն ներմուծեն, որի համար հարկ գանձվի»:

Ծրագրով համայնքների զարգացման տեսլականում մի ուշագրավ մտադրություն էլ կա. «Պետք է շարունակվի տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման եւ իշխանության ապակենտրոնացման քաղաքականության իրականացումը՝ նպատակ ունենալով ընդարձակելու տեղական ինքնակառավարման համակարգում բնակչությանը մատուցվող ծառայությունների ընդգրկումն ու որակը»։

Այս դրույթն էլ կառավարությունը ծրագրում չի մանրամասնում, թե ինչ տեսակի ծառայություններն են իշխանությունից ապակենտրոնացնելու: Սակայն, ենթադրվում է, որ դա կարող է լինել, ասենք՝ ոստիկանության ծառայությունը: Մանուկյանը հիշեցրեց, որ զարգացած երկրներում նման պրակտիկա կա.«Սա աշխարհում կիրառվող մեթոդ է. ոստիկանական ծառայությունները համայնքին հանձնվեն, այսինքն՝ համայնքն իր կարգ ու կանոնը, անվտանգությունը ապահովելու համար պատվիրի ոստիկանությանը»:

«Մինչեւ 2021 թվականի ավարտը փաստաբանների համար ներդնել իրավաբանական սխալից պարտադիր ապահովագրության ինստիտուտը՝ մշակելով չափանիշներ մասնագիտական սխալից առաջացած վնասի հատուցման համար»,-գրված է կառավարության ծրագրում: Այս դրույթի վերաբերյալ էլ Արտակ Մանուկյանն ասաց՝ «Իմ կարծիքով սա ներկայումս սխալ մոտեցում է: Նման մոտեցումը կիրառելի է, երբ կա դատավճռի կանխատեսելիություն, ամբողջովին անկախ դատական համակարգ: Ըստ այդմ, դատական համակարգում առանց խորքային խնդիրները լուծելու և դեռ վստահություն չունենալով խոսել պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրման մասին խիստ քննադատելի է, այնպիսի տպավորություն է թողնում, կարծես թե ինչ-որ մեկն ուզում է ապահովագրական շուկային արհեստական զարգացում հաղորդել»:

Եթե դատական համակարգում բարեփոխումներ են ուզում օրենքի անշրջելիության ու դատական համակարգի անկախության մեծացմանը զուգընթաց կարելի է մեծացնել վճիռների կանխատեսելիությունը և նվազեցնել պատժաչափերի միջև խզվածությունը: Օրինակ՝ ներկայումս նույն հանցանքների համար դատավորը կարող է տալ ինչպես 3, այնպես էլ 10 տարի, ինչը կոռուպցիոն ռիսկ է: Նորմալ երկրներում նախ ավելի նվազ դիապազոն է կիրառվում ինչն էլ իր հերթին հնարավորինս կանոնակարգված է՝ քիչ տեղ թողնելով կոռուպցիոն ռիսկերի դրսեւորման համար:

Ծրագրի առողջապահության ոլորտին վերաբերող հատվածում գրված է՝ «Ապահովել պացիենտ-բուժհաստատություն իրավահարաբերություններում ծագող վեճերի արագ, էժան եւ արդյունավետ լուծման նոր մեխանիզմ` ստեղծվելիք նոր արտադատական մարմնի, այն է՝ բժշկական հաշտարարի ինստիտուտի կողմից կայացված որոշումների միջոցով»: Այս դրույթի վերաբերյալ էլ Մանուկյանի կարծիքը դրական չէ. «Կարծես թե ուզում են ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորել: Ինչ կարիք կա առողջապահության հաշտարարի,եթե կա դատարան ու նման խնդիրները լուծվում են դատական կարգով: Նույն հաջողությամբ կարելի է երեխաների իրավունքների հաշտարարի ինստիտուտ ստեղծեն, կամ աշխատանքային իրավունքի հաշտարար եւ այլն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930