Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստին ցուցմունք տված երկրորդ ոստիկանը Դավիթ Վարոսյանն էր: Նա դեպքի օրը՝ 2016թ. հուլիսի 8-ին, տուժողներ մայր եւ դուստր Մանսուրյաններին տուն ուղեկցող ոստիկաններից մեկն է եղել:
Նրա պատմելով՝ մորն ու դստերը տուն ուղեկցելուց հետո, պատրաստվել են հեռանալ, երբ ճչոց են լսել, արագ դուրս են եկել մեքենայից, վազել դեպի շքամուտք. «Արյուն նկատեցինք, տեսանք կնոջն արյան մեջ ընկած, շտապօգնություն կանչեցինք»:
Վկան մեջբերեց մեղադրյալ Վլադիկ Մարտիրոսյանի խոսքերը. «Ասաց՝ չհասցրի երեքին էլ սպանել»:
Երբ դատարանը հետաքրքրվեց՝ ինչու Մանսուրյաններին մինչեւ տուն չեն հասցրել, ոստիկանը պատասխանեց` նրանք չեն խնդրել այդ մասին, իրենք էլ ոչ մի տարօրինակ բան չեն նկատել:
Դատական նիստն այս վկայի հարցաքննությամբ հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 19-ին: Հիշեցնենք, որ մեղադրյալ Վլադիկ Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք նաեւ, որ 2016թ. հուլիսի 8-ին 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջը, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ