«Ժամանակն է «վերաբացել» հետաքննիչների «նախապատրաստած» գործերը» հրապարակմամբ անդրադարձել էի այն հետաքննիչներին, ովքեր նախապատրաստում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար:
Շարժառիթը չեմ թաքցնում՝ այն էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչը ընտրատեղամասում մեր գործընկերոջ Հռիփսիմե Ջեբեջյանին սպառնալու դեպքում տվյալներ էր վերցրել, «նախապատրաստել էր» նյութեր քրեական գործի համար, սակայն ոչ միայն հանցակազմ չէր տեսել. այլ մերժել էր, որոշումը տրամադրել մեր լրագրողին, որն իր անհատական, անձնական տվյալներն էր թողել հետաքննիչի մոտ հետաքննության փուլում:
Մենք բարձրաձայնել էինք նաեւ այն հարցը, թե ինչու նախաքննության փուլում անգամ հրապարակային է դառնում քննիչի գործունեությունը, իսկ հետաքննիչների դեպքում հանցակազմ չի տեսնվում նրա գործողություններում, այսինքն, չի վերահսկվում նրա գործողությունները:
Անհավանական է, սակայն փաստ է, որ այսօր ստացել ենք ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, գնդապետ Ա.Զոհրաբյանի գրությունը հետեւյալ բովանդակությամբ. «Հայտնվում է, որ 14.05.2017թ. «aravot.am» ինտերնետային կայքի հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում նախապատրաստված եւ քրեական գործի հարուցումը մերժված նյութերը թիվ 33/3-6361 գրությամբ ուղարկվել եւ ստուգման նպատակով գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում»: Գրությունը թվագրված է հունիսի 9-ով: