Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բնականաբար, սա քաղաքական հետապնդում է». Շահեն Հարությունյանին քաղաքապետարանը դատի է տվել

Հունիս 20,2017 17:00

Այսօր Վարչական դատարանում Շահեն Հարությունյանի դեմ Քաղաքապետարանի գործով առաջին նիստն էր: Երեւանի քաղաքապետարանի լիազորված անձի ՝ Անդրանիկ Մուրադյանի միջնորդությամբ եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաստատմամբ ՀՀ վարչական դատարանում ներկայացված հայցն ընդունվել է վարույթ՝ ընդդեմ Շահեն Հարությունյանի՝ կապված «Հաց բերողի» մահվանը հաջորդող բողոքի ցույցերի կազմակերպման հետ:

Այսօր դատական նիստում Շահեն Հարությունյանի շահերի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց, որ Վարչական դատարանում քանի որ նույն անձի վերաբերյալ միեւնույն ժամանակահատվածում քննվում է նույն վարչական իրավախախտման կատարման հիմքով պատասխանատվության ենթարկելու 4 գործ, որոնց առարկան նույնն է, այդ գործերը միացնեն:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը առարկեց՝ ասելով, որ գործերի հանգամանքները այլ են, մի դեպքում հավաքն իրականացվել է Սայաթ-Նովա-Նալբանդյանում, մի դեպքում՝ Մաշտոցի պուրակում, միայն իրավախախտման սուբյեկտն է հանդիսանում նույնը:

Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի ավելի ուշ:

Aravot.am-ը Շահեն Հարությունյանին հարցրեց՝ սա հատուկ հետապնդո՞ւմ է ձեր նկատմամբ,ինչպե՞ս եք մեկնաբանում այս դատական գործերի շղթան՝ նա պատասխանեց. «Ընդհանուր մեր պայքարի մաս է կազմում, որ ամեն կերպ պիտի ճնշեն, հիմա էլ փորձում են այս դատական շարքերի միջոցով ճնշել»: Նա ասաց, որ չի ճնշվելու. «Եթե քրեական դատավարությամբ չկարողացան ճնշել, վարչականն ինչ է, որ կարողանան»:

Թե ինչքանով է հիմնավոր հայցը՝ Շահեն Հարությունյանն ասաց. «Հիմնավոր չի ընդհանրապես, որովհետեւ ինքնաբուխ հավաքներ էին, որոնց ընթացքում մենք իրականացնում էինք երթեր: Հենց պարոն Օսիպյանը բազմաթիվ անգամ ասել է, որ այո, ձեր հավաքները համընկնում են ինքնաբուխ հավաքների օրենքի շրջանակներում: Ոչ մի հակաօրինական բան չի եղել ու հենց ցույցերի ավարտից հետո միանգամից վարչական վարույթ են հարուցում՝ իբր թե ինքնաբուխ հավաքներ չեն եղել եւ պահանջվում էր իրազեկում ներկայացնել քաղաքապետարան»:

Հարցին՝ ինչո՞ւ են այս դատական ակտերի միջոցով փորձում ձեզ այսպես ասած վնասազերծել, դուք վտա՞նգ եք ներկայացնում իշխանության համար՝ Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Դա իշխանությունն ավելի լավ կիմանա: Բնականաբար, սա քաղաքական հետապնդում է: Ես փորձում եմ հանրային գործունեություն ծավալել եւ բացահայտ եւ ընդհատակյա: Դա այնպիսի բան է, որ իշխանությունները շատ լավ հասկանում են ու գիտեն դրա մասին, ամեն ինչ անում են, որ կանխեն»:

Շահեն Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը, որը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից է, չի շտապում գնահատական տալ՝ սա քաղաքական հետապնդում է, թե՞ իրավական հիմք կա. «Մենք առարկում ենք հայցի դեմ ու երբ հետագայում կներկայացնենք մեր առարկությունները, հանրության համար պարզ կլինի, թե Շահեն Հարությունյանի դիրքորոշումը որքանով է ճիշտ: Այս պահին ես զերծ կմնամ որեւէ որակումից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930