«Էական հակասություններ եմ տեսնում նախաքննական ցուցմունքների հետ»,- այսօր դատարանում հայտարարեց Վահան Ղազարյանի շահերի պաշտպանը: Հիշեցնենք, Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Լեւոն Սահակյանի սպանության գործով քննությունը:
Հիշեցնենք, այս գործով 40-ամյա Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 22-ն անց 30-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Թերլեմեզյան փողոցում գտնվող առանձնատներից մեկում, «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն իր աշխատասենյակում հանդիպել է մի քանի ամիս աշխատակցած ու ստանալիք ամբողջ աշխատավարձը չստացած աշխատակցուհու նշանածի՝ 22-ամյա ատամնաբույժ Լեւոն Սահակյանի ու նրա ընկերոջ հետ:
Դատարանն այսօր լսում էր վկաների ցուցմունքները:
Ըստ Վահան Ղազարյանի պաշտպանի, հոկտեմբերի 20-ին, հարցաքննության ժամանակ վկա Արտակ Գրիգորյանն ասել է, որ տանից դուրս գալուց հետո իրենց ոչ ոք չի հետապնդել, բայց այսօր ասաց, որ արդեն դրսում, Վահանը ատրճանակ էր պահել Լեւոնի վրա: Նաեւ նույն օրը, լրացուցիչ հարցաքննության ժամանակ ասել է, որ ինքը Վահանին մի կողմ է տարել, Գեւորգը`Լեւոնին: Հակասությունները նրանում են, որ միմյանց քաշքշելու ընթացքում Լեւոնն ու Վահանը ընկել են գետնին: Այդ դրվագից հետո է պարզվել, որ Լեւոնը վիրավոր է:
Մանրամասները`տեսանյութում
Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո վկային լրացուցիչ հարցաքննեցին: Վկան ասաց, որ նախաքննական ցուցմունքներում այդպես է ասել, քանի որ շոկային իրավիճակի մեջ է եղել. դեպքից անմիջապես հետո հարցաքննություններ են եղել: Բայց այսօր դատարանում ասել է այն, ինչ իրականում է եղել. ինքը ժամանակ է ունեցել դրվագները մանրամասն վերհիշելու եւ վերարտադրելու:
Վահան Ղազարյանի փաստաբանը նկատեց`երկրորդ անգամ նախաքննական ցուցմունքի համար դուք եք դիմել, ասել, որ որոշ բաներ մոռացել եք ասել ու որոշ դրվագներ, այսօր դատարանում չասացիք: Խոսքը վիճաբանության դրվագին էր վերաբերում: Վկան պնդեց`այդ ժամանակ էլ է շոկային իրավիճակում եղել, բայց հիմա մանրամասն վերարտադրեց իրականությունը: «Դատարանում ինչ ասել եմ, իրականություն է, բայց այնպես չէ, որ ծայրահեղ տարբեր են նախաքննական ցուցմունքներից: Դանակի պահը ասել եմ`չեմ հիշում, հիմա կոնկրետ հիշում եմ, որտեղից այդ դանակը: Նույնը`զենքի հետ կապված: Իրաք գետնին չեն ընկել, Վահանն ընկել ա սեղանի վրա: Կոնկրետ որ հատվածն ա դիպե Լեւոնին`չեմ տեսել, բայց միշտ էլ ասել եմ`Վահանն անընդհատ սպառնացել ա`դանակը ձեռքին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ