Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով դատական նիստին ցուցմունք տվեց ոստիկան Արսեն Մխոյանը: Նա դեպքի օրը ծառայություն է իրականացրել Երեւանյան լճի շրջակայքում:
Ոստիկանի պատմելով, ցերեկն իրեն բաժնից զանգահարել են կանչել, որ ոստիկանության բաժանմունքում գտնվող երկու քաղաքացիներին ուղեկցեն նրանց բնակության վայր, այդպես էլ արել են: Քաղաքացիներին տարել են մինչեւ նրանց շենքի մոտ ու բարի գիշեր ասելով՝ պատրաստվել հեռանալ, բայց հետ են դարձել ղժժոց-ճվոցից. «Ղժժոց լսեցինք, դուրս եկանք մեքենայից, մոտեցանք ու տեսանք՝ կինն արյան մեջ, մյուսներն էլ էին արյունոտ: Մուտքի մոտ էլ մոտ 50 տարեկան մի մարդ՝ հրելով դուրս էր հանում Վլադիկ Մարտիրոսյանին»:
Գործով տուժող Թագուհի Մանսուրյանը հայտնեց, որ այդ օրն ինքն ու մայրը ոստիկաններին խնդրել են՝ տարածքը ստուգել, ինչը ոստիկանները չեն արել, հակառակը՝ հանգստացրել են՝ ասել են, իջեք, մարդ չկա:
«Դուք տաքսու վարո՞րդ եք, թե՞ ոստիկան: Ձեզ հրահանգ էին տվել քաղաքացիներին ուղեկցել տուն, որովհետեւ վտանգ է սպառնացել, ոչ թե մութ է եղել, կամ անձրեւ եկել, ինչու չեք կատարել, ինչու մեքենայից չեք իջել ուղեկցելու նրանց»,- վկա ոստիկանին հարցրեց դատավորը, ի պատասխան ոստիկանն ասաց. «Մեքենայից ավագն իջել է, դուռը բացել է, որ իջնեն: Մեքենայից մինչեւ իրենց շենք էլ մոտ 10 մետր էր: Ամեն ինչ նորմալ էր շենքի տարածքում»:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 8-ին 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջը, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ