Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանն է կանխել Ազգալդյանի «Ազատագրական բանակի» համար նախատեսված զենքի տեղափոխումը». Հացպանյան (Տեսանյութ)

Հունիս 20,2017 14:53

Հունիսի 21-ին Արցախյան ազատամարտի հերոս, «Ազատագրական բանակ» ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մահվան տարելիցն է: Մարտական ընկերները նրան հիշելիս «մահ» բառը չեն օգտագործում, փոխարենը՝ «անմահացում»…Ջոկատի անդամ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Սարգիս Հացպանյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց, որ վաղը՝ ժամը 19 00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Ազգալդյանի հիշատակին նվիրված երեկո:

Ապա` ազատամարտիկը հիշեց հրամանատարին, նրա բացառիկ մարտավարական հմտություններն ու ջոկատում հաստատած կարգուկանոնը. «1990թ.-ն էր…Զարմացած էի…ծխել չկա, խմել չկա: Նա չափից դուրս խիստ էր եւ առավել քան կարգապահ: Մորուքը ֆիդայիզմի տարր էր համարվում, բայց նրա զինվորները սափրված էին, օրը երկու անգամ ատամներն էին մաքրում, լողանում… Նման բան միայն ֆրանսիական էլիտայում էի տեսել»:

Սարգիս Հացպանյանն ասաց, որ «Ազատագրական բանակ»-ի մարտական ճանապարհի դրվագներից մեկն ամոթով է հիշում. «ՀՀԿ-ն զինաթափեց Ազգալդյանին Վարդենիսում: Ուղարկեցին իրենց կոմիսարին, որը հայտնի քաղաքական գործիչ է, թող ինքը դա բարձրաձայնի, անուն չեմ տալու: Եկան՝ զենքերը հավաքելու, որովհետեւ Վազգեն Սարգսյանը որոշել էր՝ ոչ մեկը անկախ միավոր չի լինելու: Վազգեն Սարգսյանն է կանխել Ազգալդյանի «Ազատագրական բանակի» համար նախատեսված զենքի՝ Երեւանից Շահումյան եւ Մարտակերտ տեղափոխումը: Այսօր նրա բանակի զինվորի հմտությունն անգամ չունեն մանվելները, սեյրաններն ու խաչատուրովները»:

Հացպանյանը փաստեց, որ «Ազատագրական  բանակն» Արցախյան գոյամարտում կարեւոր դերակատարում ունեցավ՝ 27 հաջողված ռազմական գործողություն՝ մի քանի զոհով եւ վիրավորով. «Խոսքը մոտ հարյուր հոգանոց ջոկատի մասին է, բայց խնդիրը ոչ թե թիվն էր, այլ որակը: Այն նաեւ առաջին ռազմական միավորն էր, որն ընդգրկում էր Սփյուռքին, Արցախին եւ Հայաստանին»:

Բանախոսը նաեւ նշեց՝ ջոկատի տղաներով համոզված են՝ իրենց հրամանատարն ընկել է ոչ թե թշնամու, այլ հայի դավադիր գնդակից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930