Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսպիսի խաղաղությունը կարող է շատ  փխրուն լինել». ԵՄ դեսպանը՝ Արցախում սահմանային լարվածության մասին

Հունիս 20,2017 14:46

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ՄԱԱ-ում լրագրողների հարցին՝ ընտրությունները կարո՞ղ են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վրա ազդեցություն ունենալ՝ պատասխանեց. «Ես տեղյակ չեմ որեւէ պատճառի մասին, որ մենք կարող ենք որեւէ խոչընդոտ ունենալ, մասնավորապես, քաղաքական խոչընդոտներ՝ համաձայնագրի ստորագրման համար: Մենք դեռեւս ունենք շատ մեծ մարտահրավեր՝ տեխնիկական աշխատանքը կատարելիս, բայց քաղաքական տեսակետից չկա մի բան, որը խանգարում է համաձայնագիրը ստորագրել»:

Նա ասաց, որ, համենայն դեպս, ԵՄ-ի կողմից չկա նման խոչընդոտ, ինչ վերաբերում է հայկական կողմի խնդիրներին, ասաց, որ լիազորություն չունի խոսելու այն քաղաքական մարտահրավերների մասին, որոնք կարող են ազդել այս սցենարի վրա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքա՞ն է կազմում ԵՄ-ի վերջին տարիների աջակցությունը ազատ մամուլին: Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, որ կոնկրետ թիվը չունի, թե որքան օժանդակություն են տրամադրել, այս պահին կոնկրետ ծրագիր չունեն՝ ուղղված ԶԼՄ-ներին. «Գիտեմ, որ վերջերս որոշ անկախ ԶԼՄ-ներ լուրջ դրամաշնորհներ են շահել»:

Դեսպանը նշեց, որ ԶԼՄ-ների անկախության հարցը Հայաստանում լուրջ հարց է. «Շուկան շատ դաժան է: Հայաստանը այն երկրներից մեկն է, որտեղ շուկան դժվարացնում է ԶԼՄ-ների համար աշխատանքն ու գոյատեւումը, որոնք ձգտում են անկախ լինել: Մենք տեղյակ ենք դրա մասին, բայց հավատում ենք, որ Հայաստանի ԶԼՄ միջավայրը բազմազան է եւ այս բազմազանությունը պետք է խթանել»:

Լրագրողները հետաքրքրվեցին ԼՂՀ հարցի կարգավորումից, հունիսի 16-17-ին սահմանում ստեղծված իրավիճակից եւ 3 զոհերից: Հարցին՝ արդյոք ժամանա՞կը չէ հայտարարություններից կոնկրետ քայլերի անցնել՝ Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Համանախագահները շատ լավ գործ են անում բավականին դժվար միջավայրում, որտեղ բազմաթիվ մարտահրավերներ կան: Մենք, որպես ԵՄ, մեր աջակցությունն ենք արտահայտում Մինսկի խմբի համանախագահությանը: Մի քանի օրվա ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կգա ՀՀ: Նրա այցելությունը ԵՄ-ի կողմից այն բանի ցուցադրությունն  է, որ մենք մտահոգ ենք իրավիճակի կապակցությամբ:

Մեր հիմնական դերակատարությունը Մինսկի խմբի միջնորդական ջանքերի աջակցությունն է, բայց մենք պատրաստ ենք նաեւ լրացուցիչ աջակցություն դրսեւորել խաղաղության գործընթացին, այդ թվում՝ նաեւ հակամարտությանը հաջորդող ժամանակաշրջանում: Կյանքի կորուստները, իհարկե, սարսափելի են, որովհետեւ նրանց ամբողջ կյանքը դեռ առջեւում էր: Ռեժիմի խախտման այս մշտական դեպքերը, իհարկե մտահոգիչ են, որովհետեւ այսպիսի խաղաղությունը կարող է շատ  փխրուն լինել, գիտենք անցած տարվա իրադարձությունը: Հետևաբար` թույլ տվեք, որ ես իմ կարեկցությունը հայտնեմ զոհերի ծնողներին եւ ընտանիքներին եւ եկեք փորձենք աշխատել հանուն խաղաղության: Դա պետք է լինի առաջին առաջնահերթություններից մեկը այս տարածաշրջանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930