Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանակը հանեց ու հարձակվեց Լեւոնի վրա`էդ ո՞ւմ կամերան եք տանում» (Տեսանյութ)

Հունիս 20,2017 14:42

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի դատը շարունակվում է. ցուցմունք են տալիս վկաները

«Խոսակցությունն ի սկզբանե սկսվեց լարված: Սկզբում վիրավորանքներ չկան: Վահանի կողմից լարվածությունը եկավ էն տեղից, որ ասեց`ես ինքնասիրություն պարտք չեմ, ես փող եմ պարտք, կտամ: Խոսակցությունը մի քանի րոպե է տեւել: Վահանի աչքերը կարմիր էին: Վահանը ագրեսիվություն դրսեւորեց, որ Լեւոնն ուզեց կամերան վերցնել, ասեց`պայմանավորվել ենք, դու ես խոստացել, ասել ես կգաս ֆոտոապարատը տանես, մինչեւ փողը կտամ»,- սա հատված է Արտակ Գրիգորյանի ցուցմունքից:

Այսօր Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Լեւոն Սահակյանի սպանության գործով քննությունը: Հիշեցնենք, այս գործով 40-ամյա Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 22-ն անց 30-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Թերլեմեզյան փողոցում գտնվող առանձնատներից մեկում, «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն իր աշխատասենյակում հանդիպել է մի քանի ամիս աշխատակցած ու ստանալիք ամբողջ աշխատավարձը չստացած աշխատակցուհու նշանածի՝ 22-ամյա ատամնաբույժ Լեւոն Սահակյանի ու նրա ընկերոջ հետ:

Դատարանն այսօր լսում էր վկաների ցուցմունքները:

Վկա Արտակ Գրիգորյանը սպանված Լեւոնի դպրոցական ընկերն է: Մտերմացել են վերջին մի քանի տարիներին: Արտակ Գրիգորյանը պատմեց, որ դեպքի օրը, ժամը 9.30-ի սահմաններում, Լեւոնը զանգահարել է իրեն, ասել`գնանք ֆուտբոլ նայելու: Մինչ այդ, ասել է, որ գումար կա, գնանք վերցնեք: «Ընդհանուր առմամբ գիտեի, որ հարյուր հազարի պատմություն ա, ընկերուհին աշխատել ա, չեն տվել: Ասացի խի՞ հիմա: Ասաց`զանգել կանչել են, ասել են պատրաստ ա, արի տար»: Վկան պատմեց. «Վահանը հարձակվեց` էդ ո՞ւմ կամերան ես տանում ու դանակով խփեց: Գրպանից հանեց դանակը, ուրիշ տեղից չէր էլ կարա հաներ: Ատրճանակն էլ եմ տեսել`սեւ գույնի: Մեջս տպավորվել ա, որ գոռում էր`Գեւորգ, զենքս բեր»:

Մանրամասները`տեսանյութում

Արտակը պատմեց, որ Լեւոնն ընդհանրապես, կյանքում էլ ագրեսիվ տոն ու բնավորություն չուներ:

Վահան Ղազարյանի պաշտպանն անընդհատ իր հարցերով շեղում էր`վկայի պատասխանները փորձելով հանգեցնել նրան, որ այդ գումարը պետք է եղել, որպեսզի գնան ֆուտբոլ նայեն, հետաքրքրվում էր`ով ո՞ւմ է զանգել եւ ի՞նչ է ասել գումարի համար: Վկան ասաց`մանրամասներին տեղյակ չէ, բայց իրենց այցից Վահանն անակնկալի չի եկել:

Նիստերի դահլիճում ներկա Լեւոնի ընկերը`Արմեն Ներսիսյանը, չդիմացավ եւ միջամտեց. «Ինքն (Վահանը-Ն. Գ.) ա Լեւոնին զանգել, ասել`արի գումարը տար»: «Ըտենց մի նայի, արա, դու»,- հակադարձելով Վահանի հայացքին`նետեց Արմենը: Նրան դուրս հանեցին նիստերի դահլիճից:

Ամբաստանյալը պնդում էր, որ ինքը գետին է ընկած եղել, վկան իրեն օգնել, տեղափոխել է: Վկան հերքեց. «Նման բան չի եղել»: «Եթե հիշողության հետ պրոբլեմ ունես, սաղ հատիկ-հատիկ պատմեմ, հիշեցնեմ քեզ»,- վկային նետեց ամբաստանյալը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նախնական ցուցմունքում վկան ասել էր, որ ինքը չի իջել մեքենայից: Այսօր դատարանում, պատասխանելով դատավորի հարցին, ասաց, որ սկզբում վախեցած է եղել, բայց հիմա պատասխանատու է իր ցուցմունքների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930