Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռուստատեսությունը գնալով դառնալու է զվարճանք, իսկ լուրերը նրանց համար լինելու են երկրորդական արտադրանք». Դավիթ Ալավերդյան

Հունիս 20,2017 14:24

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝ զանգվածային լրատվամիջոցներն, ընդհանուր առմամբ, մեծ ազդեցություն ունեն քարոզչության վրա, քարոզչական արդյունավետ գործիք են. դրա մասին են վկայում ծախսվող գումարները:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Մարտիրոսյանը նկատեց, որ մեր հասարակությունն ունի մի խնդիր՝ դավադրությունների շատ ենք հավատում, մենք մանիպուլյացիայի հեշտ ենթարկվող հասարակություն ենք. «Հայաստանում հասարակությունը բաժանված է պրոռուսական, պրոամերիկյան կողմնորոշում ունեցողների, նույնիսկ երբեմն զարմանում են, երբ ասում ես, որ կողմնորոշումդ պրոհայկական է»:

Պարոն Մարտիրոսյանը մի դրվագ ներկայացրեց, թե ինչպես կարող է քարոզչությունն իրականացվել: Նա պատմեց, որ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ տեսել է թխվածքաբլիթներ բաժանող երկու աղջիկների, նրանց նկարել ու կատակով գրառում է կատարել, որ այդ թխվածքաբլիթները ԱՄՆ պետդեպարտամենտն է բաժանում, քանի որ Մայդանի ժամանակ իրոք նման բան եղել է. նույնիսկ ասում էին Նուլանդի թխվածքաբլիթներ: Այս գրառումից հետո հաջորդ օրը ռուսական հեռուստաընկերություններն այդ նկարի շուրջ փորձագիտական քննարկումներ են արել՝ հիմնված միայն Սամվել Մարտիրոսյանի նկարի և ԱՄՆ դրոշով շապիկ հագած աղջիկների նկարի վրա:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի վստահեցմամբ՝ կոնկրետ ոչ մի քաղաքացիական շարժում, օրինակ՝ «Ոչ թալանի» շարժումը, որը հետագայում վերանվանվեց «Էլեկտրիկ Երևան» կամ ուրիշ շարժում առանց սոցիալական ցանցերի հնարավոր չէր լինի իրականացնել. «Իհարկե, մենք այն երկիրը չենք, որ մեկ անձի որոշմամբ կայացվեն որոշումներ: Հիմա քարոզչության և հակաքարոզչության մեջ մեծ նշանակություն ունեն նաև սովորական օգտատերերը»:

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի համոզմամբ՝ տարիների ընթացքում պարզապես քարոզչության ձևերն ու մեթոդներն են փոխվել: Նա փաստեց, որ վերջին ժամանակաշրջանի բոլոր քաղաքացիական շարժումները ձևավորվել են սոցիալական ցանցերում, բայց դրանք երբևէ չեն դառնում քաղաքական, քանի որ ժողովուրդը չի վստահում որևէ քաղաքական ուժի:

Անդրադառնալով «Էլեկտրիկ Երևան»-ին՝ Դավիթ Ալավերդյանը նշեց, որ սկզբում սոցիալական ցանցերում ստեղծվեց համախոհների խումբ, հետո օնլայն տիրույթում շարժումը ձևավորվեց, հետո օֆլայն տիրույթ տեղափոխվեց, հետո օնլայնն ու օֆլայնը ձեռք ձեռքի բռնած գնացին. «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքում օֆլայնն ավելի շուտ ցրվեց, քան օնլայնը»:

Սոցիալական ցանցերում ձևավորված քաղաքացիական շարժումներից ամենահաջողվածը պարոն Ալավերդյանը համարեց Մաշտոցի պուրակի և տրանսպորտի գնի թանկացմանն ուղղված շարժումները. երկուսի դեպքում էլ արդյունք գրանցվեց: Մաշտոցի պուրակում դադարեցվեց շինարարությունը, տրանսպորտի գինն էլ չթանկացավ:

Եզրափակելով խոսքը՝ պարոն Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ աստիճանաբար հեռուստատեսությունը կորցում է տեղեկատվական իր գործառույթը. «Մեր հասարակությունն այլևս պատրաստ չէ սպասել լուրերի հերթական թողարկմանը, այլ ինքը ցանկանում է ամեն ինչ իմանալ այս պահին և որքան հնարավոր է ամբողջական: Ունենք տեխնիկապես հագեցած կայքեր, որոնք կարողանում են համացանցի ուղիղ եթերում իրադարձությունները ցույց տալ շուրջօրյա: Պետք է հարմարվենք այն իրավիճակին, որ հեռուստատեսությունը գնալով դառնալու է զվարճանք, իսկ լուրերը նրանց համար լինելու են երկրորդական արտադրանք, որը ոչ փող է բերում, ոչ հեղինակություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930