Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ադրբեջանը խաչ է դրել Մինսկի խմբի աշխատանքի վրա». (տեսանյութ)

Հունիս 20,2017 14:17

Հունիսի 20-ին «Հայելի» ակումբի հյուրն էր ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նա անդրադարձավ սահմանային լարվածությանը, այն հարցին, թե ինչին են ուղղված Բաքվի քայլերը՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին, Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ զորավարժություններին:

«Երբ մի պետություն փորձում է վախի մթնոլորտն օգտագործել իր քաղաքական նպատակներով, դա համարվում է տեռոր: Ցավոք, խաղաղության բոլոր երաշխիքները, որ եղել են, այսօր չեն գործում: Զավեշտական կլինի, եթե այս իրավիճակում խոսենք իրավական բազայի մասին, որը կողմերը և, մասնավորապես Ադրբեջանը, վերցրել են իրենց վրա` կոնվենցիաներ, 94թ. խաղաղության պայմանագիր եւ այլն: Ադրբեջանը եւ կողմերը ժամանակին պայմանավորվել են կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով, ինչը չի գործում: Ադրբեջանը տեսնում է, որ աշխարհում այլ պետություններ էլ կան, որ չեն հարգում իրենց նման պարտավորությունները»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:

Նա գտնում է, որ Հայաստանի իշխանությունը եւ դիվանագիտությունը պետք է փոխի իր կուրսը. «Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մեզ ասում էին, թե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանային անվտանգության խնդիր է լուծում, մեր իշխանավորները նաեւ ասում էին, որ ՀԱՊԿ-ի դեպքում չի լինելու որեւէ ռազմական ոտնձգություն, տարօրինակ է լսել, որ մեզ ներկայացնում էին տնտեսական համակարգ՝ Մաքսային միություն, որը հետո դարձավ ԵՏՄ, իբրեւ անվտանգության երաշխիք Արցախի եւ ՀՀ համար: Իսկ ՀՀ դիվանագիտական մասը ներկայացնում էր, որ տարբեր հարթակներում իրենք դուրս են գալիս ամբողջ աշխարհի դեմ` ՌԴ շահերի համար` հիմնավորելով, թե իբր Ռուսաստանն է որոշում Հայաստանի անվտանգությունը: Մինչդեռ իշխանությունները պետք է այլ ճանապարհներ գտնեն, հայտարարեն, որ այս երաշխիքները չեն գործում ու փորձեն գտնել այլ երաշխիքներ»:

Նրա ձեւակերպմամբ, Ադրբեջանն արդեն դուրս է եկել իր կողմից միայնակ գործողություններ կատարելու քաղաքականությունից ու ակտիվ համագործակցում է Թուրքիայի հետ, չհաշված այն երկրները, որոնք նրան վաճառում են բարդ զենքեր եւ իրենց մասնագետների աջակցությամբ նպաստում, որ այդ զենքերը ճիշտ կիրառվեն:

«Ցանկացած կոնֆլիկտի, այդ թվում` ԼՂՀ կոնֆլիկտի լուծման ճանապարհը բանակցային փուլն է, սակայն այսպիսի լարված իրավիճակում հնարավոր չէ բանակցային գործընթացը շարունակել: Սովորաբար կողմերը բանակցում են միայն այն ժամանակ, երբ կա վստահության մթնոլորտ, իսկ երբ երեխաներ են զոհվում, ժողովուրդը վախենում է դաշտ դուրս գալ, հնարավոր չէ սեղանի շուրջ նստած բանակցել: Ի սկզբանե, Մինսկի խմբի աշխատանքների նպատակը խաղաղության հաստատումն էր, սակայն ապրիլյան պատերազմով Ադրբեջանը խաչ դրեց այս աշխատանքի վրա»,-կարծում է Հովհաննես Իգիթյանը:

Պատասխանելով այն հարցին` կա՞, արդյոք, պատերազմի վերսկսման վտանգ, բանախոսը նշեց. «Ադրբեջանը գուցե կփորձի մի 800 հեկտար առաջ շարժվել, բայց դա զուտ ավելի լավ դիրք ունենալու եւ իր շահերին մոտ լուծում պոկելու համար:

Մենք պետք է շատ քիչ օգտագործենք պատերազմ սահմանումը, որովհետեւ պատերազմը նշանակում է երկրների ռազմական միավորների միջեւ բախում, իսկ Ադրբեջանի գործողությունները տեռորիստական են, ոչ թե պատերազմական»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններին, Իգիթյանի բնորոշմամբ, դրանք պատերազմի նախապատրաստություն են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930