Երեւանը պետք է վերակողմնորոշվի. hարաբերությունները Մոսկվայի հետ դառնում են ոչ միայն «տոքսիկ», այլեւ անիմաստ
Ս.թ. հունիսի 14-ին ԱՄՆ Սենատում հաստատվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ, որը նաեւ օրենքի ուժ է ստանում: Նշվում է, որ սա պայմանավորված է ամերիկյան ընտրություններին Մոսկվայի միջամտությամբ եւ ցանցահենների գրոհներով:
Փաթեթն ընդունված է ձայների ջախջախիչ մեծամասնությամբ, եւ կասկած չկա, որ Ներկայացուցիչների պալատն այն նույնպես կընդունի: Դոնալդ Թրամփին այս հարցում այլ բան չի մնում, քան ոչ միայն ենթարկվել այսպիսի համերաշխ դիրքորոշմանը, այլեւ ուղղակի գլխավորել այս «արշավն» ընդդեմ Ռուսաստանի:
Եվրոպացիները մտահոգված են Վաշինգտոնի՝ այս հանկարծակի «թրով հարվածի» պատճառով: Հրապարակային անհամաձայնությամբ եւ համատեղ հանդես եկան Գերմանիան եւ Ավստրիան, իսկ Ֆրանսիան հանդես եկավ կոչով, որ ԱՄՆ-ն իր պատժամիջոցների քաղաքականությունը համակարգի ԵՄ-ի հետ, այլ ոչ թե գործի միակողմանի:
Սակայն սա հենց այն դեպքն է, որը հիշեցնում է Հենրի Քիսինջերի ասածը՝ «իսկ ո՞ր համարով զանգահարեմ Եվրոպայի կարծիքն իմանալու համար»: Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի Եվրոպայի հետ Վաշինգտոնն այս հարցը համաձայնեցներ կամ համակարգեր: Եվրոպայի, որը շարունակում է «Գազպրոմի» եւ «Ռոսնեֆտի» հետ հարաբերություններ պահպանել, Մոսկվայի հետ ինչ-որ անհասկանալի «երկխոսության» կոչեր հնչեցնել՝ առանց նշելու, թե ինչի մասին եւ ինչի վրա հույս դնելով, որը դժկամությամբ է կատարում իր իսկ պարտավորությունները ռազմական ծախսերը 2%-ի հասցնելու ուղղությամբ: Այս երկկուսակցական կոնսենսուսը վկայում է, որ Վաշինգտոնն այլ ընտրություն չունի, եւ պատժամիջոցների քաղաքականությունը պետք է ընդլայնի՝ փաստի առաջ կանգնեցնելով Եվրոպային, բացի դրանից, տալով պատժամիջոցների փաթեթին դաշնային օրենքի ուժ, այն հնարավորինս հեռու պահի Թրամփի եւ նրա անմիջական շրջապատի քմահաճույքներից:
Ռուսաստանին աննախադեպ ծանր օրեր են սպասվում, իսկ Իրանի հետ համեմատություններն ուղղակի անտեղի են, թե «Իրանը դիմացավ՝ Ռուսաստանն էլ կդիմանա», ինչում փորձում են համոզել ռուսական պրոպագանդայի հետեւակայինները: Իրանը չունի ոչ կայսերական, ոչ էլ նեոկայսերական նկրտումներ, այլ կենտրոնացած է բացառապես իր անվտանգության եւ ներքին զարգացման խնդիրների լուծմանը, եւ մեգա-տարածաշրջանում զբաղեցնելով միջանկյալ դիրք՝ Իրանն ավանդաբար իր քաղաքականությունը կառուցել է, ինչպես զինվորականներն են ասում՝ «պաշտպանությունից», մանավանդ այժմ, երբ շրջապատված է անկանխատեսելի եւ, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամ հարեւաններով: Դրան էլ գումարվեց Կատարի ճգնաժամը…
Պաշտոնական Երեւանը, հաճելիորեն զարմացնելով եւ ի հեճուկս «ավանդույթի», բավականին արագ արձագանքեց Մերձավոր Արեւելքում եւ Իրանում տեղի ունեցող զարգացումներին: Նախ՝ Հայաստանն իր անվերապահ աջակցությունը հայտնեց Իրանին՝ կապված Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի հետ, ինչպես նաեւ հայտարարեց, որ Կատարի հետ հարաբերություններում որեւէ փոփոխություն չի լինելու: Եվ կարելի է ենթադրել, որ Արաբական աշխարհի այլ երկրների պարագայում, որոնց հետ կան առանձնահատուկ հարաբերություններ, մասնավորապես՝ Եգիպտոս, ԱՄԷ, Քուվեյթ, Հորդանան եւ այլն, Երեւանը կշարունակի ակտիվ միջոցներ ձեռնարկել հարաբերությունները պահպանելու եւ խորացնելու ուղղությամբ:
Վերադառնալով Ռուսաստանի հարցին՝ պետք է նշել, որ Երեւանն այստեղ շարունակում է «ավանդույթը», այսինքն՝ պահպանել տաբուացված եւ իռացիոնալ՝ «չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» մոտեցումը, ինչն ուղղակի վտանգավոր է դառնում, քանզի պատժամիջոցների այս նոր փաթեթի ընդունմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ միայն դառնում են «տոքսիկ», այլեւ անիմաստ:
Հայաստանը պետք է ինքնիշխանության հաստատման գործընթաց սկսի եւ ազատվի բոլոր մոսկովյան կապանքներից, որոնք խոչընդոտում են վերաձեւվող աշխարհի հետ մեր հարաբերություններին, հակառակ դեպքում առաջ են գալիս ահռելի եւ անընդունելի ռիսկեր, որ մեր երկիրը կարող է մնալ հնի փլատակների տակ: Ակնհայտ է, որ այս պատժամիջոցների խեղդօղակը Կրեմլի պարանոցին ոչ միայն մնալու է, այլեւ ձգվելու է մինչեւ վերջին շունչը:
Արցախի սահմանին վերջին սրացման փաստը ցույց է տալիս, որ Ադրբեջանն անուղղելի է, իսկ Երեւանը նրան գրեթե չի զիջում անցած քառօրյա պատերազմի քաղաքական դասերը չքաղելու իր հատուկ տաղանդով: Եվ դա շարունակվելու է, քանի իշխանությունն իր վրա հանրության եւ քաղաքական ուժերի կողմից ճնշում չի զգում: Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարությունների հայտարարություններում ասված է ամեն ինչ՝ բացի գլխավորից. Բաքուն եթե չզգա Մոսկվայի սատարումը, ապա իրեն երբեք այդքան լկտի չի պահի: Բոլոր կոչերը Մինսկի խմբի հասցեին բախվելու են Երեւանի «սանկտպետերբուրգյան սինդրոմին»: Սա այն «սինդրոմն» է, երբ ձեռքում ունենալով Վիեննայի պայմանավորվածությունները՝ դուրս ես գալիս Մինսկի խմբի ձեւաչափից եւ գնում ես Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի եւ Լավրովի «խելքին ընկնելով»: Իսկ հետո, երբ արածիդ արդյունքում ստանում ես ավելի լկտի եւ անմեղսունակ Բաքու, որին մնում է դաստիարակել միայն կոշտ, ռազմական մեթոդներով, նսեմացում, Մոսկվայի ցինիկ «բիզնեսի» շարունակություն՝ մեկ էլ կրկին դիմում ես Մինսկի խմբին՝ պահանջելով «հասցեականություն», «պատժել Բաքվին» եւ այլն: Մինչդեռ ֆրանսիացիներն ու ամերիկացիները կարող են քեզ վաղ թե ուշ ասել, որ այդ պահանջներդ բարի եղիր ուղղել «դարավոր բարեկամիդ» եւ «ռազմավարական դաշնակցիդ»…
Իսկ Մոսկվայից այսուհետեւ պետք է սպասել, որ նա իր «դաշնակիցներին» ուղղակի վերածելու է սեփական «շտրաֆբատի» եւ ժուկովյան դաժանությամբ շպրտելու է իր հակառակորդների դիրքերի վրա, փորձելու է նրանց ձեռքերով եւ արյունով, նաեւ՝ արժանապատվության հաշվին վարել իր արյունոտ խաղը:
Բազմիցս է ասված, եւ անհրաժեշտ է կրկնել, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները վերակազմավորելու իր արտաքին քաղաքականությունը: Սակայն դրա համար անհրաժեշտ է ամուր թիկունք եւ ունակություն գոնե երկու-երեք քայլ առաջ տեսնելու, թե ինչ է տեղի ունենում միջազգային հարաբերություններում, եւ ուր են տանում գործընթացները, այլ ոչ թե կազմակերպել, ասենք, ԵՄ դեսպան Սվիտալսկու հասցեին մրթմրթալու այս կրկեսը:
Ռուբեն Մեհրաբյան
«Առավոտ օրաթերթ»
20.06.2017