Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայեր, պատրաստվեք, մի կորցրեք ձեր հույսը եւ համբերատար եղեք». ԵՄ դեսպանը՝ վիզայի ազատականացման մասին

Հունիս 20,2017 13:46

Այսօր ՄԱԱ-ում լրագրողները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն հարցրեցին՝ վիզայի ազատականացման ռեժիմի մասին:

Նա պատասխանեց. «ԶԼՄ-ների արձագանքը ցույց է տալիս, որ վիզայի ազատականացման հեռանկարները մի բան են, որոնց վերաբերյալ որոշ մարդիկ լարվում են: Ես կցանկանայի այս առիթը օգտագործել՝ շնորհավորելու վրացիներին, ուկրաինացիներին, որոնք խիզախ են, որոնք ճիշտ որոշումներ կայացրեցին 2013-ին եւ նրանք կարող են հիմա օգտվել դրանից»:

Նա ասաց, որ լուսանկարներ է տեսել, որ ազատ ճամփորդել՝ նշանակում է 15 կմ-անոց հերթ, բայց դեռեւս մարդիկ լավ տրամադրության մեջ են եւ տոնում են այդ հնարավորությունը. «Ես հավատում եմ, որ Վրաստանի եւ ՀՀ-ի փորձառությունը դրական կլինի եւ դա կլինի նաեւ օգտակար՝ Հայաստանի ջանքերի համար: Երբ խոսում ենք Հայաստանի մասին, շատ է օգտագործվում համբերություն բառը: Ինչն է լավ, որ վիզայի դյուրացման փորձառությունը շատ դրական է՝ չնայած որոշակի տարրերի, որոնք քննարկվել են աշխատանքային շփումների ժամանակ Բրյուսելի եւ արտգործնախարարության միջեւ, բայց հանձնաժողովի իմ գործընկերների ընդհանուր տպավորությունը դրական է: Հիշելով իրավիճակը՝ մենք պետք է ընդունենք, որ դա տեղի չի ունենա առաջիկա օրերին, ամիսներին, որ համբերությունը անհրաժեշտ է, բայց խնդիրը օրակարգում է, ոչ ոք չի հանել վիզայի ազատականացման ռեժիմի անցնելու հարցը օրակարգից: Բայց դա մի բան է, ինչ պետք է քննարկեն հայերը՝ ինչպես պատրաստվեն այս երկխոսությանը»:

Դեսպանը նշեց, որ վիզայի ազատականացման ռեժիմի անցնելու համար երկիրը պետք է ընդունի լուրջ օրենսդրական փոփոխություններ. «Սա մի բան է, որ պետք է քննարկեն հայերը՝ արդյոք հիմա ժամանա՞կը չէ օրենսդրական հենքը նախապատրաստել, որպեսզի սկսենք վիզայի ազատականացումը: Դա կլինի անկեղծ եւ ազնիվ շահագրգռվածության դրսեւորում»:

Նա հորդորեց նախ անել այս տնային աշխատանքը, նախապատրաստել օրենքները: Դեսպանն ասաց, որ Հայաստանը համարում է Եվրոպայի մի մասը, եվրոպական ընդլայնված ընտանիքի մասը. «Հայեր, պատրաստվեք, մի կորցրեք ձեր հույսը եւ համբերատար եղեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930