Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզանից ոմանք կարող են ասել, որ դա ՀՀ-ի սուվերեն իրավունքն է, մենք համարում ենք, երկու կողմերի համար շահեկան է». Սվիտալսկի

Հունիս 20,2017 13:35

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ՄԱԱ-ում խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին ասաց, որ նախարար Նալբանդյանը Լյուքսեմբուրգում էր արեւելյան գործընկերության շրջանակներում. «Սա եւս մեկ դրսեւորում է այն կառուցողական ներգրավման, որը դրսեւորում է ՀՀ-ն՝ երկկողմ հարաբերությունների մակարդակում: Նախապատրաստական քայլերը՝ ընդլայնված եւ խորացված համաձայնագրի նախաստորագրման ուղղությամբ ընթացքի մեջ են: ԵՄ-ն ավարտել է այն վարժանքը, որը կոչվում է տեխնիկական եւ իրավական շտկումներ: Նմանօրինակ գործընթաց է տեղի ունենում նաեւ հայկական կողմում»:

Մյուս կարեւոր փաստաթուղթը՝ գործընկերության առաջնահերթությունները, քաղաքական պարտավորեցնող փաստաթուղթ է, որտեղ մատնանշվում են այն ուղիները, որոնցով կընթանա համագործակցությունը առաջիկա տարիների ընթացքում. «ՀՀ-ն Արեւելյան գործընկերության երկրներից առաջինն էր, որ սկսեց բանակցությունները այս նոր տիպի փաստաթղթի հետ կապված եւ ես շատ գոհ եմ՝ ասելով, որ տեխնիկական բանակցությունները ավարտվել են: Հուսով եմ, որ ԵՄ-ՀՀ համագործակցության խորհուրդը գրավոր ընթացակարգով կընդունի գործընկերության առաջնահերթությունները»,- ասաց ԵՄ դեսպանը:

Մյուս կարեւոր տարրը հետագա համագործակցության համար, ըստ Սվիտալսկու, զարգացման կամ փոխակերպման աջակցությունն է: Դա այն փաստաթուղթն է, որտեղ առաջնահերթություններն են նախանշվում՝ զարգացմանն ուղղված օժանդակության համար՝ մինչեւ 2020-ը:

Դեսպանն ասաց, որ ինտենսիվ աշխատում են կառավարության հետ:

Սվիտալսկին տեղեկացրեց, որ Բրյուսելից Երեւան ժամանեց պատվիրակություն GSP+-ի հետ կապված մոնիտորինգ անելու: ՀՀ-ն ազատ հասանելիություն ունի եւ կարող է իր ապրանքները արտահանել եվրոպական շուկա, բայց առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է, որ ապահովեն մարդու իրավունքների եւ աշխատանքային կոնվենցիայի դրույթները. «ՀՀ-ն միացել է GSP+-ին ավելի քան 3 տարի առաջ եւ կարող եք հարցնել՝ ինչպե՞ս է, որ ԵՄ-ն մոնիտորինգ է ենթարկում մարդու իրավունքների եւ աշխատանքային կոնվենցիայի դրույթների իրացումը: Ձեզանից ոմանք կարող են ասել, որ դա ՀՀ-ի սուվերեն իրավունքն է: Մենք համարում ենք, որ սա երկու կողմերի համար շահեկան է, որ այս համաձայնագիրը, համակարգը ծառայի ՀՀ-ում բարեփոխումների խորացման նպատակին:
Այս երեք փաստաթղթերը, ինչպես նաեւ GSP+ սխեման կծառայեն՝ որպես ամուր հիմք մեր հարաբերությունների համար ապագայում: Մենք պետք է ուրախ լինենք, որ ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունները պատշաճ ուղու վրա են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930