«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տրամաբանությունը, Արցախի հարցում բանակցային քննարկումների տրամաբանությունը փոխվել են»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Սրան հանգեցրել է այն, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը փոխել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը: Դրա ապացույցը ամենօրյա սահմանային միջադեպերն են`տարբեր դրսեւորումներով:
«Այս առումով, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպե՞ս մենք կարող ենք հասնել տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման: Իսկ դրա համար, կարծում եմ, որ ժամանակն է գործուն քայլեր նախաձեռնել`Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կանխելու համար»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, Ադրբեջանը կցանկանար լայնածավալ պատերազմ վերսկսել, բայց այդ երկիրը չունի համապատասխան ռեսուրսներ ու վստահություն, որ կապահովեն պատերազմի դրական ընթացքը: «Պատերազմը նրանց իրականում պետք է: Դեռեւս նախորդ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ երեւաց, որ անկանխատեսելիության կամ անսպասելիության առավելությունը, լավ պատրաստվածությունը իրենց թույլ չտվեց լայնածավալ պատերազմ սկսել, չկարողացան: Ադրբեջանը հասկանում է, որ նման պայմանների, ուժերի նման դասավորվածության պայմաններում չի կարողանում պատերազմ սկսել: Բացի այդ, նաեւ խնդիրներ կան իրենց բանակում»,- ասաց բանախոսը` հավելելով, որ առանց պատերազմի Ադրբեջանը չի կարող փոխել իրավիճակը Արցախի շուրջ, որքան էլ ցանկանա:
«Պատերազմ ուզում են, բայց ռեսուրս չունեն: Ուստի ես չեմ տեսնում լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ՝ չբացառելով, որ կարող են լինել լոկալ բախումներ, ինչպիսին նախորդ տարվա ապրիլին տեսանք»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ