Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնիշխանության սպառնալիքները այլ տեղ են». Սվիտալսկու պատասխանը՝ ՀՀԿ-ականներին, թե մեր ներքին գործերին մի խառնվեք

Հունիս 20,2017 12:54

Այսօր ՄԱԱ-ում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասուլիս էր հրավիրել:

Aravot.am-ը նրան հարցրեց՝ ընտրությունների մասին Ձեր վերջին գնահատականից հետո բավականին մեծ աղմուկ բարձրացավ եւ արձագանքներ եղան իշխանական թեւից: Մասնավորապես, Դավիթ Հարությունյանն ասաց, որ մեր ներքին գործերին մի խառնվեք, Տիգրան Մուկուչյանն ասաց՝ ազնիվ եղեք գնահատականներում եւ գույները մի խտացրեք: Հաշվի առնելով, որ ընտրությունների համար ԵՄ-ն ավելի քան 7 մլն եվրո ֆինանսավորում է տրամադրել, այս արձագանքները Դուք ինչպե՞ս եք ընկալում, որ փողը տվեք ու մի՞ խոսեք, մի՞ խառնվեք:

Պյոտր Սվիտալսկին իր պատասխանում նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին: Պարզվում է՝ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ են զանգել Սվիտալսկուն ու աջակցություն հայտնել. «Մենք հասկանում ենք, որ ՀՀ-ում կան շատ մարդիկ, որոնք հավատում են մեզ, հավատում են, որ ԵՄ-ն լավ գործ է անում Հայաստանում: Երբեմն սրանք բավականին զգայացունց դեպքեր էին, մարդիկ զանգահարում էին մեզ՝ մեր ասածի վերաբերյալ աջակցություն հայտնելու: Սովորաբար հայերը զանգահարում էին մեզ, որ աջակցություն խնդրեն, բայց այս անգամ իրենք էին աջակցություն հայտնում: Այսպիսի աջակցությունը մեծ խթան է՝ մոտիվացիայի համար: Կան մարդիկ, որոնք չեն հասկանում եւ չեն ցանկանում հասկանալ, թե ինչ ենք մենք ցանկանում անել»:

Սվիտալսկին ասաց, որ ուզում են ՀՀ քաղաքացիները ավելի շատ զգան իրենց աջակցության ազդեցությունը: Միջին վիճակագրական քաղաքացին ավելի շատ օգուտ ստանա նրանից, թե ԵՄ-ն ինչ է տալիս ՀՀ-ին:

Պյոտր Սվիտալսկու խոսքերով՝ «Ես այստեղ չեմ եկել՝ մասնակցելու հանրային քննարկման, դա իմ դերը, աշխատանքը չէ: Բայց, իհարկե, շատ դրական է, որ արտաքին դիտորդը տեսնում է, որ Հայաստանը ներգրաված է լավ, կառուցողական քննարկման մեջ՝ կարեւոր թեմաների վերաբերյալ: Մենք միշտ դրական տրամադրված կլինենք, երբ տեսնենք լավ հանրային քննարկումներ՝ առանցքային խնդիրների շուրջ: Կարեւորը այն է, որ մենք այդ քննարկումների ժամանակ հետեւենք տարրական կանոնների: Նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը ստուգեք, թե ինչ է ասվել, լսեք ձայնագրությունը, տեսեք տեսանյութը եւ եզրակացրեք՝ նախքան հապշտապ ինչ-որ եզրակացություն անելը: Իրականացնել հանրային քննարկումներ՝ հարգելով տարբեր մարդկանց դերը, խոսքը: Սա է իմ խորհուրդը եւ առաջարկը հայերին: Ինչ վերաբերում է իմ դերին, ես չեմ հաղորդել եւ չեմ հաղորդի ուղերձներ իշխանավորներին՝ հանրային հայտարարությունների միջոցով: Մենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք, հաղորդակցման լավ միջոցներ ունենք, եւ ես գնահատում եմ դա»:

Նա ասաց, որ հանրային հայտարարությունների միջոցով ուղերձներ հղելու կարիքը չունի. «Հանրային հայտարարությունների դերն այն է, որ երեւա, թե մենք ինչ ենք մտածում»:

Ինչ վերաբերում է ընտրությունների հարցին՝ Սվիտալսկին ասաց. «Ես կցանկանայի պարզապես հաստատել, որ ԵՄ-ն տրամադրել է շատ մեծ եւ զգալի ֆինանսական աջակցություն՝ ավելի քան 7 մլն եվրո: Առանց այսպիսի մասնակցության ԵՄ-ի եւ որոշ անդամ պետությունների կողմից, առանց սրա, երբ 90 տոկոսը ֆինանսավորման ԵՄ-ից էր, նոր տեխնոլոգիաները չէին տեղադրվի: Գաղտնիք չէ, որ մեր աջակցությունը ընտրական գործընթացի շատ ավելին էր, քան ֆինանսավորումը եւ տեխնիկական միջոցների տրամադրումը: Գուցե վաղ է սրա մասին խոսել հանրային հարթակներում, բայց այս ֆինանսական կողմը ամենաքիչ կարեւորն էր՝ մեր կողմից բերած նպաստի՝ ՀՀ-ում ընտրությունները ավելի լավը դարձնելու: Մենք դա արեցինք ՀՀ իշխանությունների բացահայտ խնդրանքի վրա: Մենք երբեք չենք ստիպել մեր կամքը: Մենք չենք ստիպի, չենք պարտադրի մեր ներկայությունը: Մենք կարծում ենք, որ այն, ինչ արել ենք ՀՀ-ի համար, դրական էր եւ մեր աջակցության շնորհիվ էր, որ բարելավումներ եղան: Նույնիսկ խորը հիասթափված մարդիկ չեն կարող ժխտել, որ այն, ինչ մենք ենք արել, դրական չէր: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ, կարծիքներ, որ սա այնքան էլ ցանկալի չէ, մենք մեծապես հարգում ենք հայաստանցիների սուվերեն ընտրությունը՝ ոչ մի բան ձեր կամքին դեմ»:

Անդրադառնալով ընտրությունների թեմայով համաժողովին՝ ԵՄ դեսպանն ասաց. «Ես կարող եմ հաստատել այն, ինչ ասել եմ, դա արվել էր շատ բարեկամական եւ սիրալիր կառուցողական տրամադրությամբ եւ ոգով: Այն, ինչ ասվել էր, հաղորդվել է նաեւ նախորդ գնահատականներում, պաշտոնական հանդիպումներում: Հարցեր կան, որտեղ մենք, որպես ԵՄ, ոչ միայն ունենք իրավունք, ունենք նաեւ պատասխանատվություն եւ պարտավորություն խոսելու, բարձրաձայնելու: Մենք միշտ դա արել ենք, մեր հայ գործընկերները ընդունել են այդ պարտավորությունը»:

Հետո Սվիտալսկին հայտարարեց. «Ես կասկածում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ անտեղյակությունից կամ չարակամությունից ՀՀ-ում կասեն, ինչպես թե ԵՄ-ն խոսում է մի բանի մասին, որ մեր ներքին գործն է, մեր ազգային գործն է: Լավ էլի, դուք էիք այդպես ուզում: Դա պարտավորություն ու պատասխանատվություն է, որ մենք զգում ենք»:

ԵՄ դեսպանը նրբորեն ակնարկեց՝ ինքնիշխանության սպառնալիքները այլ տեղ են ընկած, քան մեր բարեկամական հարաբերություններում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930