Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինը Նաիրային խփել է ոտքերով, աղջիկները ծաղրի են ենթարկել մորը». փաստաբան

Հունիս 20,2017 12:39

Արա Խաչատրյանը բռնության է ենթարկել կնոջը՝ Նաիրա Սմբատյանին, սակայն դատարանը քրեական գործ հարուցելու համար հանցակազմ չի տեսնում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Նաիրա Սմբատյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն անհիմն որոշում համարեց այն, որ ծեծի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կասեցվել՝ մեղավոր անձի անհայտ լինելու հիմքով:

Փաստաբանը պատմեց, որ Նաիրա Սմբատյանը պարբերաբար իր ամուսնու՝ Արա Խաչատրյանի կողմից հոգեբանական և ֆիզիկական ճնշումների է ենթարկվել։ Փաստաբանի խոսքով՝ նրանց աղջիկները գտնվել են հոր և նրա ծնողների ազդեցության տակ, և հորը գոհացնելու համար պարբերաբար ծաղրի են ենթարկել մորը։ Նշենք, որ Նաիրա Սմբատյանն ու Արամ Խաչատրյանն ունեն 4 երեխա, որոնցից ամենափոքրը՝ 3 տարեկան որդին, այժմ մոր հետ ապրում է Սմբատյանին իրավաբանական աջակցություն տրամադրող «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի գաղտնի ապաստարաններից մեկում։ 3 աղջիկները, որոնցից ամենամեծը 15 տարեկան է, գտնվում են հոր խնամակալության տակ։

Ստեփան Ոսկանյանը նշեց, որ հունվարի 4-ին Նաիրա Սմբատյանը ծեծի է ենթարկվել. «Ամուսինը նրան խփել է ոտքերով, և երբ Նաիրան ցանկացել է վերցնել 3 տարեկան որդուն և փախչել, աղջիկներն ընդդիմացել են: Նաիրան բառի բուն իմաստով փախել է տնից՝ անգամ առաջին անհրաժեշտության իրեր չվերցնելով»:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ դիմել են գլխավոր դատախազին և կրկին մերժում են ստացել:

Պարոն Ոսկանյանը պատմեց նաև, որ երբ Նաիրան գտնվել է իր ծնողների բնակարանում, Արա Խաչատրյանն աղջիկների հետ միասին եկել է, փչացրել այդ տան դուռը, սոսնձել այն, տարբեր նյութեր փչել վրան:

Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք վիճարկում են դատական որոշումների օրիկնականության հարցը: Այս պահի դրությամբ իրենց միայն հաջողվել է հասնել նրան, որ գործով շահագրգիռ անձինք՝ Նաիրա Գալստյանն ու Արա Խաչատրյանը, ցուցմունք տան. նիստը տեղի կունենա օգոստոսին:

Նաիրա Սմբատյանի փաստաբան Նոնա Գալստյանն էլ տեղեկացրեց, որ իրենք երեխաների բնակության վայրի հետ կապված պահանջ են ներկայացրել դատարան: Այնուհետև մտահոգություն հայտնեց. «Ցավոք ՀՀ-ում չկա որևէ պատկան մարմին, որը կկարողանա նման իրավիճակներում պաշտպանել երեխաների անվտանգությունը, մինչև դատական որոշման առկայությունը: Նաիրան դիմել է խնամակալության մարմինների, ՄԻՊ, քաղաքապետարան,ոստիկանություն՝ ահազանգելով այն մասին, որ երեխաները գտնվում են հոր կողմից հոգեբանական ճնշումների ներքո, դուրս են մնում կրթությունից: Սակայն խնդրին լուծում չի տրվել: Մի կողմից ոստիկանությունը պատճառաբանում է, թե իրենց լիազորությունների մեջ չի մտնում երեխաների հետ տեսակցություն կազմակերպելը, բայց մյուս կողմից, երբ Արա Խաչատրյանն է դիմում, չգիտես ինչու ձեռնամուխ են լինում այդ խնդրանքի իրականացմանը»:

Տիկին Գալստյանը նշեց, որ հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 22-ին, որի ընթացքում քննարկվելու է միջնորդությունը դատահոգեբանական փորձաքննություն իրականացնել երեխաների շրջանում, որ մասնագետները հիմնավորինս ուսումնասիրեն և տան տվյալներ, թե նրանց հոգեվիճակի վրա ինչպես են ազդում ծնողների վեճերը:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի համոզմամբ՝ տարբեր լծակներով ճնշումներ են գործադրվում պատկան մարմինների վրա, իսկ նման վարքագիծը կոնկրետ քաղաքականության արդյունք է համարում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930