Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեքս տեքստիլը» միայն այս տարվա առաջին եռամսյակում բյուջեից թաքցրել է 13-ից մինչեւ 18 միլիոն դրամ. «Հայկական ժամանակ»

Հունիս 20,2017 11:21

«Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս։ Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասով, ծանոթացել արտադրական հզորություններին եւ ընկերության առաջիկա ծրագրերին։ … «Ալեքս տեքստիլը» նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7 հազար 5 հարյուր նոր աշխատատեղ»,- նշված է կառավարության երեկ տարածած հաղորդագրության մեջ։

7 հազար 500 աշխատատեղ առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Հիմա մտքներումս պահում ենք այս թիվը եւ կարդում մեկ այլ հաղորդագրություն։ «2015 թվականից գործունեությունը սկսած՝ գուլպաների եւ հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլը», լինելով Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի»։ Սա էլ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունն է։ Այս տարվա մարտի 20-ին նույն այս ձեռնարկություն էր այցելել Սերժ Սարգսյանը, եւ ահա այսպիսի հաղորդագրություն էր տարածվել այդ այցից հետո։ Հիմա ո՞րն է ճիշտ՝ 7500 նոր աշխատող, թե 2000։

Եվ ուրեմն, ըստ նախագահականի տարածած հաղորդագրության «Ալեքս տեքստիլում» աշխատում է 500 մարդ, իսկ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ»։ Հիմա բացում ենք մի շատ պաշտոնական փաստաթուղթ, որը պարբերաբար հրապարակում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։ Առաջին հազար հարկատուների ցանկում «Ալեքս տեքստիլը» զբաղեցնում է 336-րդ հորիզոնականը։

Ցանկից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին երեք ամիսներին «Ալեքս տեքստիլը» վճարել է 7.3 միլիոն դրամի եկամտային հարկ։ Հաշվի առնելով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը, պետք է արձանագրենք, որ եթե «Ալեքս տեքստիլում» աշխատում է 300 մարդ, ապա նրանցից յուրաքանչյուրի միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում 28 հազար դրամը։ Եթե աշխատում է 500 մարդ, ապա աշխատավարձը 20 հազար դրամ է։ Եթե մի պահ պատկերացնենք, որ «Ալեքս տեքստիլում» աշխատողների միջին աշխատավարձը ասենք 100 հազար է, եւ նրանք բոլորը միասին վճարել են 7.3 միլիոն դրամի եկամտային հարկ, ապա կստացվի, որ այնտեղ աշխատողների թիվը 100-ից էլ պակաս է։ Իսկ եթե աշխատողների թիվը իրոք 300 է, ու նրանց ստացած իրական աշխատավարձը գոնե 100 հազար դրամ է, ապա այդ դեպքում եկամտային հարկի ընդհանուր ծավալը պետք է կազմեր ոչ թե 7.3 միլիոն, այլ ավելի քան 20 միլիոն դրամ։ Իսկ եթե 500 հոգի է աշխատում 100 հազար դրամ աշխատավարձով, ապա վճարած եկամտային հարկի ծավալը պետք է կազմեր ավելի քան 35 միլիոն դրամ։ Այսինքն «Ալեքս տեքստիլը» միայն այս տարվա առաջին եռամսյակում բյուջեից թաքցրել է 13-ից մինչեւ 18 միլիոն դրամ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930