Էդմոն Մարուքյանն «անցանկալի ինքնորոշվող» սուբյեկտների ցանկում նշել է նաեւ Ղրիմը՝ հորդորելով Արցախին՝ չշնորհավորել Ղրիմի հետ կապված որեւէ բան, որովհետեւ Հայաստանն ամեն անգամ ընկնում է վատ վիճակի մեջ։ Ոչի՞նչ, որ Հայաստանն Արցախից շուտ է ընդունել Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ։
Առաջիկայում մեզ ինքնորոշման շքերթի առնվազն երկու խոշորագույն իրադարձություն է սպասվում՝ Կատալոնիայի եւ Իռլանդիայի անկախության նոր հանրաքվեները, եթե, իհարկե, Իսպանիայի թագավորն ու Անգլիայի թագուհին չխոչընդոտեն այդ գործընթացներին։ Մյուս կողմից էլ, չեն բացառվում Պաղեստինի լիիրավ անկախության ճանաչումն ու Սիրիայի տարածքում Քուրդիստան պետության հայտնվելը։ Ինչպիսի՞ դիրք պետք է բռնի Արցախի Հանրապետությունն այդ ընթացքում, որպեսզի Երեւանի վրա ծանրություն չգա, կամ որպեսզի Արցախը դիտվի որպես ժողովրդավարության կղզյակ։ Պատասխանը մեզ համար ակնհայտ է, բայց Մարուքյանի տեսակետից՝ սխալ, որովհետեւ չի կարելի ողջունել, օրինակ, բասկերի անկախությունն Իսպանիայից, կամ Իռլանդիայի անկախությունն Անգլիայից, որպեսզի մենք՝ Հայաստանը, վատ վիճակի մեջ չընկնի։
Մեկ անգամ չէ, որ Երեւանը հայտարարել է Արցախի անկախությունը ճանաչելու նրբությունների մասին։ Մենք անընդհատ ասում ենք, որ ավելի ճիշտ կլինի՝ Արցախի անկախությունը ճանաչեն ուրիշները, միջազգային հանրությունը, հետո՝ մենք։ Դա իդեալական տարբերակ կլիներ։ Բայց այդպիսի տարբերակի մասին մտածելով միայն հարցը չի լուծվի։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Ոչինչ, որ հեռավոր Ուրուգվայն առաջինը ճանաչի Արցախը։ Կարեւորն առաջին քայլն է, առաջին նախադեպը։ Առաջարկում եմ Ուրուգվային եւ մյուսներին, որոնց մտքում կա Արցախի ճանաչումը, չվախեցնել Մարուքյանի հայտարարությամբ, թե կարող են վատ վիճակում հայտնվել Արցախին շնորհավորելու պատճառով։
Ի դեպ, ե՞րբ էր, որ չճանաչված երկրներն իրար մեջ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացրին։ Ստեփանակերտը, փաստորեն, սարսափելի սխալ գործեց՝ այդ առաջնությանը մասնակցելով, այո՞, պարոն Մարուքյան։ Մենք էլ, հասկանում ես, ընկանք շատ ծանր վիճակի մեջ, եւ եթե Արցախի ազգային թիմը չեմպիոն դառնար, լրիվ խայտառակ էինք լինելու:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում