Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Սարգսյան. «Բագրատաշենի անցակետում հայերս կարծես նվաստացած լինենք»

Հունիս 19,2017 23:01

Հայտնել ենք, որ ծնունդով Իջեւան քաղաքից, ՀՀ եւ ՌԴ քաղաքացի, Ռուսաստանում բնակվող կենսաթոշակառու Սարգիս Սարգսյանը 2017թ. ապրիլի 21-ին նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին, հայտնել, որ այս տարվա մարտին Բագրատաշենի անցակետում իրենից 14 հազար դրամ՝ ավտոմեքենայի համար ճանապարհային հարկ եւ բնապահպանական վճար են գանձել: Կառավարության ղեկավարին ուղղված նրա նամակին պատասխանել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նա հայտնել է, որ «Ճանապարհային վճարի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վճարը թեթեւ մարդատար (մինչեւ 7 նստատեղով) ավտոմեքենաների համար սահմանված է 10 հազար դրամ՝ յուրաքանչյուր 15 օրվա համար: Վ. Միրումյանն «ավետիս է արել», հայտնելով, որ 2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) տրանսպորտային միջոցների մասով ճանապարհային հարկ չի գանձվելու:

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը հայտնել է, որ ՀՀ մուտք գործող մինչեւ 10 նստատեղով ավտոմեքենաներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված է 3750 դրամի չափով բնապահպանական վճար եւ նշել, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետությունների մասով առանձնահատկություն սահմանված չէ, ուստի այդ վճարները օրենքով սահմանված կարգով եւ չափերով ենթակա են վճարման:

Սարգիս Սարգսյանը մեզ ասաց, որ բավարարված չէ ստացված պատասխանից, նաեւ նրանից, որ վարչապետի փոխարեն իրեն ՊԵԿ նախագահի տեղակալն է պատասխանել: Նա տարակուսած է, թե ինչու ճանապարհային հարկ չի գանձվում ՀՀ մտնող, Վրաստանի քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաների համար: Ս. Սարգսյանը հայտնեց, որ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիներից նման հարկ չի գանձվում: Ռուսաստանաբնակ կենսաթոշակառուն, ով 2016թ. ապրիլյան դեպքերի ժամանակ 50 հազար ռուբլի է նվիրել Արցախին, ասաց, որ սահմանային անցակետում գանձվող վճարների համար իրեն նվաստացած է զգում, երբ Բագրատաշենի անցակետում վրացիների ավտոմեքենաներին «կանաչ ճանապարհ» են ցույց տալիս, իսկ իրենց՝ հայերին հրահանգում անցակետի հրապարակ գնալ:

Ս. Սարգսյանը համացանցում կարդացել է ՊԵԿ կոմիտեի նախագահի այն հայտարարությունը, թե նրա կողմից կատարված ստուգումով պարզվել է, որ Բագրատաշենի անցակետում մեկ մարդու անցման համար պահանջվում է 3-5 րոպե: Ս. Սարգսյանը վարչապետին երկրորդ անգամ ուղարկված նամակում գրել է. «Եթե Ռուսաստանից երեք մեքենա կանգնած լինեն, հերթում ամենաքիչը կկանգնեն 1-1.5 ժամ՝ փաստաթղթեր լրացնելու եւ առնվազն 30 րոպե՝ մեքենան ապահովագրելու համար»:

Նա հայտնել է, որ իրեն՝ կենսաթոշակառուին հայրենիքը շատ է ձգում, չի կարող առանց ավտոմեքենայի Հայաստան գալ, որովհետեւ տեսարժան վայրեր պիտի այցելի: Սակայն ճանապարհային հարկի պատճառով հայրենիքում 6-7 ամիս մնալու համար նա մինչեւ 150 հազար դրամ է վճարում՝ չհաշված մնացած ծախսերը եւ զարմանում է , որ Եվրասիական տնտեսական միությունը «երեւի գոյություն ունի միայն թղթի վրա»:

Նա հավելում է. «Վրացիները Ռուսաստանի քաղաքացիներից ճանապարհային հարկ չեն վերցնում, նրանց ասում են ՝ եկեք այստեղ մինչեւ 3 ամիս մնացեք, այստեղ փող ծախսեք»:

Ս. Սարգսյանը ասաց, թե նույն ավտոմեքենայի ապահովագրությունը կատարվում է Ռուսաստանում եւ Հայաստանում ու ավելացրեց. «Հայաստանում բոլոր ապահովագրական ընկերությունները ռուսական ապահովագրական ընկերությունների մասնաճյուղեր են, եւ ստացվում է, որ մենք կատարում ենք կրկնակի մուծումներ»:

Նա վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ նամակ է ուղարկել նաեւ Հայաստանում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Եթե օրենք է, ուրեմն պետք է վերաբերվի բոլոր երկրների քաղաքացիներին, իսկ եթե Վրացական մակնիշի ավտոմեքենաները պետք է արտոնություն ունենան, ինչի է մեր դաշնակից Ռուսաստանը առաջինը չպետք է օգտվի այդ արտոնությունից…

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Առաջին անգամ չէ, որ այդ մասին գրվում է: Ոչինչ չի փոխվում: Ոչ թե կարծես, այլ հենց նվաստացած էլ զգում ենք: Ես նույնպես շատ եմ սիրում մեքենայով գալ, բայց հիմնականում մեր անցակետի աշխատողների գողական (առանց չակերտների) վերաբերմունքի պատճառով նախընտրում եմ ինքնաթիռով գալ: Մաքսային համակարգը պետք է մաքրվի: Պետության համար շատ վիրավորական է: Պաշտոնյաները առանց հատուկ համազգեստների են, սիգարետները բերաններին, անկուլտուրական վերաբերմունքով: Սպասարկման համար էլ 2000 դրամ են շորթում բոլորից: Ոչ ռուսները, ոչ վրացիները նման վճար չունեն: Ի՞նչ վճար է դա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930