Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Արսեն Ջուլֆալակյանին եւ Դավիթ Սաֆարյանին

Հունիս 19,2017 22:45

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նորանշանակ ղեկավարները մեկնաբանեցին Թբիլիսիում՝ Արթուր Ալեքսանյանի, Ռուսաստանում՝ Միհրան Հարությունների անունների շուրջ հնչեղություն ստացած պատմությունները, ինչպես նաեւ խոսեցին Արսեն Ջուլֆալակյանի եւ Դավիթ Սաֆարյանի մարզական հետագա ճակատագրի մասին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ Թբիլիսիում երկրպագուների միջեւ սկսված անախորժությունը վատ մրցավարության հետեւանք էր: «Մարզական առումով, մրցագորգից դուրս գալը պատժելի արարք է, որի համար մրցավարները կարող էին Արթուրին պատժել երկու միավորով եւ գոտեմարտը շարունակել: Ալեքսանյանը իրեն շատ կոռեկտ պահեց: Նա ոչ մի բանի չի միջամտել, այլ երկրպագուներին խնդրել է հանգստանալ եւ թույլ տալ գոտեմարտը շարունակել: Իսկ մրցավարները նրան հանիրավի պատժեցին՝ այդ մրցաշարում որակազրկելով», – ասաց նա:

ՀԸՖ գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հավելեց, որ ֆեդերացիան պաշտոնական դիմումով բողոքարկել է այդ որոշումը UWW-ում եւ սպասում է պատասխանին:

Aravot.am-ի առաջարկով Լեւոն Ջուլֆալակյանը խոսեց նաեւ Միհրան Հարությունյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի մասին: «Միհրանը ուսի վնասվածք ունի եւ շարունակում է բուժվել: Ապագան ցույց կտա նրա հետագա ճակատագիրը: Նա, եթե ապաքինվի, վերսկսի մարզումները եւ ապացուցի, որ հավաքականում տեղ կարող է ունենալ, խնդիր չեմ տեսնում: Միհրանը պետք է որոշում կայացնի: Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանին, նա հիմա էլ շատ լավ մարզվում է, բայց ես նրան չեմ թողնում մասնակցել պաշտոնական առաջնությունների՝ ըմբշամարտում ներկա պահին գործող կանոնների պատճառով: Իմ կարծիքով, իրեն հարգող ոչ մի բարձրակարգ ըմբիշ չի կարող ընդունել այսօրվա կանոնները», – ասաց մարզիչը:

ՀԸՖ գլխավոր քարտուղար, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Դավիթ Սաֆարյանի մասին ասաց, որ ըմբիշն արդեն մի քանի ամիս վերսկսել է մարզումները եւ, հավանաբար, մինչեւ տարեվերջ Սաֆարյանի առումով էլ որոշում կկայացվի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930