1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտինի եւ Ռիչարդ Հոգլանդի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքում տարածած հայտարարությունում մի քանի ուշագրավ եզրույթ է տեսնում, բայց դրանցից առանձնացնում է հետեւյալը.
«Համանախագահների այսօրվա հայտարարությունում կա առանցքային մեկ կետ: Խոսելով, որ այցելել են Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններ, համանախագահներն այդ շրջաններն անվանել են «Տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ» եւ ոչ թե «օկուպացված տարածքներ»: Վստահ եմ՝ այդ եզրույթը շատ լուրջ մտահոգություն է առաջացնելու Ադրբեջանում: Հուսով եմ, որ սա մեր դիվանագիտության հաջողությունն է եւ ոչ միայն Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության արդյունքը: Կարծում եմ, որ այժմ մեր դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի բանակցային գործընթացում այս ձեւակերպման պահպանումը», – ասաց Դավիթ Շահնազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ