Երեկ`հուլիսի 18-ին, հանրապետության տասը համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներում համայնքապետեր էին ընտրում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ`Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական թեկնածու Մաջիտ Ամոյանը՝ 19 ձայն:
Նույն մարզի Սաղմոսավան գյուղում հաղթել է ՀՀԿ-ական Գևորգ Ավագյանը՝ 69 ձայն: Արարատի մարզի Սուրենավան համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ 796 ձայն: Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ Արմեն Խլղաթյանը՝ 603 ձայն: Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը՝ 3073 ձայն:
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գործող գյուղապետն է հաղթել. ՀՀԿ-ական Արթուր Մուրադյան՝ 1792 ձայն: Շիրակի մարզի Բայանդուր և Կարմրաքար համայնքներում միայն մեկ թեկնածու կար՝ գործող գյուղապետերը, որոնք էլ ընտրվել են: Շիրակի մարզի Հովիտ համայնքում հաղթել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ավետիք Մեսրոպյանը՝ 151 ձայն:
Այս ընտրություններում կուսակցությունները բավականին պասիվ էին: Երկու թեկնածու էր առաջադրել ԲՀԿ-ն, մեկ թեկնածու՝ ՀՅԴ-ն: Որոշ համայնքներում թեկնածուների մեջ կայի երկու ՀՀԿ-ական:
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների այս փուլում կուսակցության պասիվ կեցվածքին, ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ վարչության անդամ Միքայել Մելքումյանն ասաց, որ Վանաձորում եւ Գյումրիում մինչ խորհրդարանական ընտրությունները կայացած ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ակտիվ մասնակցեց` հաշվի առնելով նաեւ տեղական կառույցների ներկայացրած հայտերը: Բացի այդ, դեր խաղաց նաեւ այն, որ խորհրդարանական ընտրություններից առաջ, նոր ընտրակարգով խոշոր համայնքներում ընթացող ընտրությունները յուրօրինակ թեստ էին կուսակցությունների համար:
«Բայց կյանքը ցույց տվեց, որ բոնուսների հետ կարող են խնդիրներ առաջանալ, ինչպես եղավ Գյումրիում. ԲՀԿ-ի թեկնածուն հաղթեց, բայց …»,- ասաց մեր զրուցակիցը:
Համապետական ընտրություններում արդեն «Ծառուկյան» դաշինքի գրանցած լուրջ հաղթանակից հետո, Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելը Միքայել Մելքումյանը բացատրում է` մոտեցումները ճշգրտելու խնդիր կա: «Մեխանիկական չենք մոտեցել հարցին»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ բոլոր`թե ՏԻՄ, թե համապետական ընտրություններին իրենք մասնակցում են ելնելով մեկ սկզբունքից` գնալ` ինչ-որ բան փոխելու եւ երկարաժամկետ հատվածում դրական գործունեություն ապահովելու:
Այս համատեքստում, կիրակի օրը կայացած ընտրություններին մասնակցելու առումով Միքայել Մելքումյանը էական վերապահում ունի. առաջիկայում համայնքների խոշորացման ծրագիրն է կիրառվելու եւ հիմա գնալ, ներկայացնել մի ծրագիրը, որը չես կարողանալու իրագործել, քանի որ համայնքների խոշորացման փուլում ներկայիս դրված խաղադրույքները խախտվելու են:
«Եվ վերջապես տեղական կառույցի հայտ կա: Եթե հայտ է լինում, անպայման մասնակցում ենք: Ամեն դեպքում, հիմքում դա է»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա հավաստիացնում է` խորհրդարանական համակարգի անցնելու ճանապարհին իրենք փորձելու են, անպայման, կյանքի կոչել նախընտրական շրջանում հռչակած 15 կետերը. «Կառավարության ծրագրի քննարկումներում կտեսնեք: Գործընթացները գեներացնելու ենք ներդրումներ բերելու, բարեփոխումներ անելու, խորհրդարանի դերը մեծացնելու ուղղությամբ»: ՏԻՄ ընտրություններին մասնակցությունն էլ այդ մոտեցումների մեջ պետք է տեղավորվի: Ի դեպ, Միքայել Մելքումյանն այժմ չի տեսնում բարեփոխումներ, որոնք իրականացրել է Կարեն Կարապետյանի կառավարությունը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համամիտ չէ, որ կիրակի օրը կայացած ընտրություններում ՀՅԴ-ն պասիվ է եղել. «Ընդամենը տասը համայնքում էին ընտրություններ. որտեղ թեկնածու է եղել` առաջադրել ենք»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան էլ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների այս փուլի արդյունքներին ասաց, որ սրանք եւս մեկ անգամ ապացուցում են`ՀՀԿ-ն ժողովրդի կողմից ընդունված է. «Մարդիկ ընտրություններում ձայն են տալիս մեզ`մեր կատարած աշխատանքի դիմաց»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ