ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի կարծիքով՝ վերջին ամիսներին կատարված աշխատանքը թույլ է տալիս զրոյացնել թշնամու դիվերսիոն ակտիվությունը, սակայն չի փոքրացնում լայնածավալ պատերազմի վտանգը. «Մեր ռազմավարությունը պետք է ելնի նրանից, որ լայնածավալ պատերազմը կարող է սկսվել հենց այսօր: Եթե այս ռազմավարությունից չենք ելնում` զգալիորեն թուլացնում ենք մեզ: Լայնածավալ պատերազմի պատրաստ լինել ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն սպառազինության և զորքի վիճակը, այլև քաղաքացիական պաշտպանությունը, բնակչության իրազեկությունը, թիկունքի կազմակերպումը»:
Հարցին՝ ի՞նչ է նշանակում «թիրախային և անհամարժեք» պատասխան, պարոն Խանումյանն արձագանքեց, թե հակված չէ շատ քննադատել բանակին ձախողումների և շատ գովել`հաջողությունների դեպքում: Այլ անձամբ հակված է թշնամուն կոշտ պատասխան տալու մարտավարությանը: Ըստ պատգամավորի՝ սա այն դեպքն է, երբ նպատակահարմար է սպասել բանակի գործողություններին:
Մեր մյուս հարցին՝ Ադրբեջանի այս գործողությունները չե՞ն վկայում այն մասին, որ համանախագահների հասցեական հայտարարությունը չի ծառայել իր նպատակին, պարոն Խանումյանն այսպես պատասխանեց. «Ադրբեջանը չի նայում սրա կամ նրա հայտարարությանը, ինքն իր գործն է անում, տվյալ դեպքում էական հաջողության չհասնելով ապրիլյան էսկալացիայի ժամանակ` շարունակում է մաշող պատերազմ վարել: Ադրբեջանին միակ զսպողը մենք ենք, ոչ մի հայտարարության կամ կազմակերպություն այդ դերակատարությունը չեն կարող կատարել: Հետևաբար պետք է մտածել մարտահրավերներին համարժեք պատասխան գտնելու շուրջ»:
Դառնալով ՀՀ ԱԳՆ-ի պատասխանին՝ պարոն Խանումյանն ասաց. «Չի կարող հայտարարությունը լինել ռազմական գործողության կամ միջադեպի համարժեք պատասխանը: Սա այն դեպքն է, երբ պատասխանը պետք է բանակը տա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ