ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի գլխավոր նպատակն էր ապրիլի 28-ին Մոսկվայում նախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկել կողմերի դիրքորոշումները Արցախի հակամարտության հետագա քայլերի ուղղությամբ:
Տարածաշրջան կատարած այցի ընթացքում համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունիսի 10-ին հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ հունիսի 19-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ հունիսի 12-ին նրանք Արցախում հանդիպել են ԼՂ դե ֆակտո իշխանությունների հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաքվում անցկացրած իրենց հանդիպումներում համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի խախտման վերջին դեպքերի վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի:
«Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ կոչ անելով զերծ մնալ հետագա սրացումից: Նույն ուղերձը համանախագահներն ուղղում են Հայաստանի ղեկավարությանը և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին: Նրանք կողմերին կոչ են արել քայլեր ձեռնարկել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:
Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները կոչ են արել կողմերին վերսկսել էական բանակցությունները՝ հիմնված վստահության և քաղաքական կամքի վրա: Նրանք ընդգծել են, որ դա միակ ճանապարհն է կայուն խաղաղություն բերելու տարածաշրջանի ժողովրդին, որն ակնկալում է և արժանի է առաջընթացի այս հակամարտության մեջ: Նախագահներն իրենց մտադրությունն են հայտնել՝ վերսկսելու քաղաքական երկխոսությունը՝ փորձելով գտնել փոխզիջումային լուծում ամենավիճահարույց հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այցի արդյունքները համանախագահները Վիեննայում կամփոփեն հուլիսի 3-ին: Նրանք նաև նախատեսում են առաջիկայում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի հնարավորությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ