Ազգային ժողովի օրակարգում է կառավարության ծրագիրը: Այսօր կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասել է, որ այս ծրագիրը կառավարության 2017-2022 թվականների Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիր է: Այն ըստ Գաբրիելյանի, հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի եւ կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա:
Այս ծրագրով նախատեսվում է 5% տնտեսական աճ, գործազրկության նվազում՝ 12%-ով, նվազագույն աշխատավարձի 25% աճ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում:
Ներկայացնեք ծավալուն ծրագրի տնտեսական մասի առավել ուշագրավ խոստումները:
Օրինակ՝ կառավարությունը խոստանում է՝ պետության կողմից մատուցվող ծառայություններն ու վարչարարական ընթացակարգերը դարձնել առավել պարզ, թափանցիկ եւ քիչ ծախսատար:
Մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ կրկին խոստումներ այս կառավարությունից. մասնավորապես ծրագրում նշված է՝ «Պետությունը հետեւողականորեն կբարելավի մրցակցային միջավայրը` ապահովելով ապրանքային շուկաներ ազատ եւ հավասար մուտքի եւ ելքի պայմաններ»:
Ըստ ծրագրի, տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների կատարելագործման համար նախատեսվում է մինչեւ 2017-ի վերջը ապահովել գերիշխող դիրքի չարաշահում որակելու դեպքերի օրենսդրական հստակեցում:
Արտահանման ուղղությամբ կառավարությունը նախատեսել է ապրանքների եւ ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 40%-ի: Այս նպատակին հասնելու համար կառավարության քաղաքականությունը 2 ուղղությամբ կլինի՝ արտահանման առկա, հատկապես արտոնյալ ռեժիմներ ունեցող շուկաներ (ԵԱՏՄ, ԵՄ) մուտքի խոչընդոտների առավելագույն վերացում եւ ԵԱՏՄ երկրներում նոր արտահանման շուկաների հասանելիության բարձրացում, երկկողմ հարթության մեջ թիրախային երկրների հետ առեւտրի արտոնյալ ռեժիմների ձեռքբերում:
ՓՄՁ ոլորտի համար էլ ծրագրով նախատեսվում է՝ մինչեւ 2019 թվականի ավարտը ձեւավորել փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման եւ մշակման ինստիտուցիոնալ հնարավորությունները եւ 2018-ին հրապարակել վիճակագրական տեղեկատվությունը: Մինչեւ 2018-ի ավարտը մշակել եւ ներդնել ՓՄՁ-ի սուբյեկտների նոր պահանջներին համապատասխան պետական աջակցության նոր գործիքակազմ, խորացնել ՓՄՁ-ի ոլորտում աջակցության ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների հետ համագործակցությունը:
Այս կառավարությունը նախատեսում է զգալիորեն եւ շեշտակի բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերությունը, ինչի համար էլ նախատեսում է՝ օրենսդրական փոփոխություններ: Բացի այս, ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, ըստ կառավարության ծրագրի, նախատեսվում է մինչեւ 2018-ի ավարտն իրագործել ՀՀ-ում որոշակի ներդրումների դիմաց՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելու ծրագիրը:
Ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականությունից դեպի «թիրախավորված» ռազմավարության քաղաքականության անցում կատարելու համար էլ կառավարությունը նախատեսում է՝ մինչեւ այս տարվա ավարտը քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել ընտրված ոլորտներում, այդ թվում` մանածագործություն, հագուստի արտադրություն, կոշիկի արտադրություն:
Նախատեսվում է մինչեւ տարեվերջ մշակել տնտեսական դիվանագիտության կիրառական մոտեցումներ, մինչեւ 2018-ի ավարտը մշակել համայնքային նշանակության մարզային ներդրումային ծրագրերի ֆինանսավորման գործուն մեխանիզմներ, մինչեւ 2018-ի ավարտը մշակել առաջատար վերազգային ընկերությունների հետ երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված հստակ ձևաչափեր եւ մեխանիզմներ, մինչեւ 2018-ի ավարտը ներգրավել վերազգային առնվազն 2 կազմակերպություն՝ հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձեւավորման նպատակով.
Մինչեւ 2018 թվականի ավարտը, կառավարությունը խոստանում է մշակել եւ ներդնել առաջադեմ տեխնոլոգիական հիմքով արտադրություններին տրամադրվող աջակցության հատուկ մեխանիզմներ:
Կառավարությունը ծրագրում է նաեւ մինչեւ 2020 թվականի ավարտը մշակել եւ իրագործել առնվազն 5 թիրախային ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման ռազմավարությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ