Լրահոս
Օրվա լրահոսը

Գիա Կանչելի. «Ինձ միշտ խանգարել են մաքսիմալիստական որակներս» (Տեսանյութ)

Հունիս 19,2017 16:17

Երեւանում է վրացի մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին: Առիթը նրան նվիրված փառատոնն է, որն անցկացվում է հունիսի 18-20-ը: «Գիա Կանչելի» փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ

Հունիսի 19-ին Գիա Կանչելին եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Սպուտնիկ» մամուլի սրահում հանդիպեցին լրագրողների հետ:

Կոմպոզիտորն ասաց , որ վերջին անգամ 7 տարի առաջ է եղել Երեւանում, եւ այժմ երջանիկ է, որ կրկին Հայաստանում է: Ափսոսանք հայտնեց, որ իր սիրելի մարդիկ արդեն ողջ չեն: Նաեւ հավելեց, որ հավանաբար սա իր վերջին այցն է Հայաստան` նկատի ունենալով իր առողջական վիճակը:

Գիա Կանչելին հայտնի է իր սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններով ու ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Կոմպոզիտորն ասաց, որ 60 տարի երաժշտություն է գրել կինոյի եւ թատրոնի համար, համագործակցել է շատ ռեժիսորների, մասնավորապես Ստուրուայի ու Դանելիայի հետ: «Դանելիայի հետ 7 համատեղ աշխատանք ունենք»,-հավելեց նա:

Կանչելին ասաց, որ մեծ բարեկամություն է ունեցել հայ կոմպոզիտորական դպրոցի այնպիսի վառ ներկայացուցիչների հետ, որոնց թվում են Տերտերյանը, Միրզոյանը, Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ, այդ բարեկամությունը սկիզբ է դրվել Դիլիջանի կոմպոզիտորների տանը, որտեղ ինքը հաճախ էր այցելում: Հավելեց, որ Ամիրան Դարսավելիձեի եւ Ռեւազ Գաբրիաձեի «Կովկասյան ռոմանս» ֆիլմի երաժշտական ձեւավորման վրա աշխատելիս օգտագործել է Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի ամենագունեղ էպիզոդները:

Գիա Կանչելին նշեց, որ որպես մարդ կարեւորում է ներքին զսպվածությունը մարդկային հարաբերություններում եւ արվեստում՝ պարկեշտությունը: Նրա ձեւակերպմամբ, կարելի է լինել ապաքաղաքական մարդ, բայց հետաքրքրված լինել աշխարհի անցուդարձով: «Օրինակ, ինձ մտահոգում է, թե այսօր ինչ է կատարվում իմ հայրենի Վրաստանում, Ռուսաստանում, քաղաքակիրթ եւ ոչ քաղաքակիրթ աշխարհում»,-շեշտեց արվեստագետը:

Կարծում է, որ իրեն կյանքում միշտ խանգարել են մաքսիմալիստական որակները, բայց սկզբունքների առումով չի փոխվել, ճաշակն էլ համարյա նույնն է մնացել: Կոմպոզիտորը այնուամենայնիվ մի փոփոխություն նշեց. «Երբ 45 տարեկան էի, չէի սիրում Շոպենի երաժշտությունը, բայց որոշ ժամանակ անց սկսեցի խորությամբ ընկալել Շոպենի ստեղծագործությունների ողջ հմայքն ու հանճարեղությունը»:

Սերգեյ Սմբատյանն էլ նշեց, որ երբ ավելի երիտասարդ էր, Գիա Կանչելիի անունը հեռավոր ու անհաս էր թվում, հիմա երջանիկ է, որ «Գիա Կանչելի» փառատոն են կազմակերպում, որին անձամբ Կանչելին է ներկա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930