Հունիսի 7-ից մեկնարկել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի գործնական դասընթացները: Այնտեղ պեղումներ են անցկացնում 7 տարեկանից սկսած, երբեմն ավելի փոքր տարիքի երեխաներ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ այն վայրում, որտեղ հիմա երեխաները պեղումներ են իրականացնում, նախկինում աղբավայր է եղել:
Նրա ձեւակերպմամբ՝ աղբավայրից ազատվելու լավագույն միջոցը դրա տեղում Միջնաբերդից հայտնաբերված ուրարտական 3 սենյակ վերականգնելն ու կահավորելն էր` ճիշտ բնօրինակի նման` պատերի որմնանկարներ, սեպագրեր, կարասներ, կարասների մեջ խաղողի ու գարու հատիկներ: Տեսական դասընթացներից հետո երեխաները հողի մեջ պեղումներից հայտնաբերում են կճուճների ու կերամիկայի մնացորդներ, կմախքներ: Պարոն Գյուրջյանը նշում է, որ արշավախումբը ունի ղեկավար, ճարտարապետ, անհրաժեշտ «մասնագետներ», ու բոլորն էլ երեխաներ են: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ երեխաները նույնիսկ սովորում են նաեւ սեպագիր կարդալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»
17.06.2017