ՌԱԿ-ում վերջին շրջանում ծավալվող ներկուսակցական հարցերի շուրջ «Առավոտը» հեռախոսազրույց ունեցավ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանի հետ: Վերջինս 40 տարուց ավելի կուսակցական կենսագրություն ունի, ՌԱԿ ղեկավար կազմում տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել:
– Պարոն Նազիրեան, անցած տարի Հայաստանում տեղի ունեցավ աշխարհասփյուռ ՌԱԿ պատգամավորական ժողով, որի ընթացքում ընտրվեց Գերագույն խորհուրդ: Կբացատրե՞ք՝ ինչ մարմին է դա:
– ՌԱԿ Գերագույն խորհուրդը ծնունդ առավ 2016-ի հոկտեմբերին, Երեւանում գումարված Արտակարգ ընդհանուր պատգամավորական Ժողովում, որին ներկա էին Հայաստանի տարբեր շրջանակների 139 լիազորված պատգամավորներ եւ Սփյուռքի զանազան գաղութներից ՌԱԿ-ի՝ ավելի քան 30 կառույցների ղեկավարներ, որի ընթացքում որոշում կայացվեց կուսակցությունը դարձնել հայաստանակենտրոն. ընտրվեցին ՌԱԿ Կենտրոնական վարչություն եւ Գերագույն խորհուրդ։
– ՌԱԿ Գերագույն խորհուրդը ՌԱԿ կանոնագրում ընդգրկվա՞ծ է:
– Կուսակցության Գերագույն հեղինակությունը Ընդհանուր պատգամավորական ժողովն է։ Այս ժողովը իրավունք ունի բարեփոխելու, պակասեցնելու կամ հավելումներ կատարելու կուսակցության կանոնագրի մէջ` ձայների մեծամասնությամբ։ ՌԱԿ Գերագույն խորհուրդը վավերացվեց այդ Պատգամավորական ժողովում՝ ձայների միաձայնությամբ։ Հետեւաբար ՌԱԿ Գերագույն խորհուրդը օրինավոր եւ օրինական է, ամրագրված է հայաստանակենտրոն Ռամկավար ազատական ընդհանուր պատգամավորական ժողովի կողմից եւ հաստատված ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Գերագոյն խորհուրդը միացնող, կամրջող, համադրող եւ ընդհանուր քաղաքականությունը որոշող եւ գործունեությունները ծրագրող, դասավորող մարմին է, որին մաս են ՌԱԿ-ի Հայաստանի եւ Սփյուռքի ղեկավարությունների անդամներ։
– Սփյուռքի որոշ անհատներ չեն ընդունում եւ չեն ցանկանում հաշվի նստել կուսակցության Գերագույն խորհրդի հետ:
– Ժամանակավոր է այդ։ Մենք իրենց էլ հրավիրեցինք մաս կազմելու ՌԱԿ Գերագույն խորհրդին, բայց անհասկանալի պատճառներով մերժեցին ժողովին մասնակցել, հակառակ որ ժողովների տեղերն ու ժամանակները համաձայնեցված էին։ Անձնական շահերից ելնելով վերջին օրերին չկարողացան կամ չուզեցին հաշտության ժողովներին մասնակցել։
– Ձեր այլախոհների խոսքերով` իրենք եկել են այն եզրակացության, որ ՀՀ-ում ՌԱԿ-ը չպետք է գոյություն ունենա որպես կուսակցություն` առկա 70 կուսակցությունների շարքում, այլ պետք է հետապնդի Արցախի եւ Ցեղասպանության միջազգային ճանաչումը:
– Անկեղծ լինելու համար, ես եւ բազմաթիվ կուսակցական ընկերներ զարմացանք այս անհասկանալի հայտարարության վրա։ Որեւէ կուսակցության գոյության հիմնական նպատակը երկրի իշխանության տիրանալն է, որպեսզի իր դավանած սկզբունքները գործադրի այդ երկրի ժողովրդի բարօրության համար։ Ինքն իրեն հարգող որեւէ կուսակցություն այդ ուղղությամբ է աշխատում։ Մենք, որպես Ռամկավար ազատականներ, հավատում ենք ռամկավարական եւ ազատական սկզբունքներին։ Մեր նպատակը պետք է լինի Հայաստանում հիմնել ռամկավարական, ժողովրդավարական եւ ազատական, լիբերալ սկզբունքների վրա հիմնված իշխանություն։ Սփյուռքում հայկական ավանդական կուսակցությունները չեն կարող տեղի կառավարություններին, իշխանություններին տիրանալ, եւ հետեւաբար չեն կարող քաղաքական ամբողջական աշխատանք տանել։ Կարող ենք մշակութային, մարզական, կրթական, պատանեկան, երիտասարդական եւ այլ տեսակի գործունեություններ ունենալ` հայապահպանման համար, ինչպես նաեւ Ցեղասպանության իրողությունն ու հայ դատի արդար լուծման երազը վառ պահել նոր սերնդի մեջ։ Անշուշտ չպետք է մոռանանք Ցեղասպանության ճանաչման եւ մեր դատի ու իրավունքների պահանջը հետապնդելու սրբազան պարտականությունը։
– Իսկ Արցախի միջազգային ճանաչումը:
– Արցախի հարցը մաս է կազմում Հայ դատի ընդհանուր պատկերին։ Հողային ամբողջականության, բռնագրավված հողերի վերադարձի մաս է կազմում Արցախի հարցը։ Մենք պետք է մեր քաղաքականությունը համադրենք Արցախի եւ հայրենի իշխանությունների քաղաքականության հետ եւ այստեղ աշխատանք տանենք այդ ուղղությամբ։ Մեր հայկական թերթերում Արցախի հարցի մասին գրելով չենք կարողանա Արցախը ճանաչեցնել պետությունների մոտ։ Շատ լուրջ, հետեւողական եւ քաղաքական լայնածավալ աշխատանք է պահանջում դա, որի մասին շատ երկար պետք է ծրագրել եւ խոսել։
ՌԱԿ-ն առաջին կուսակցություններից մեկն է, որ գրանցվեց Հայաստանում՝ սրանից 25 տարի առաջ։ Քաղաքական զարգացումների հետ անվանափոխություններ եղան՝ ժամանակի զարգացումների հետ քայլ պահելու համար։ Մենք հավատում ենք բազմակարծությանը։ Եթե Հայաստանում շուրջ 70 կուսակցություններ կան, դա չի նշանակում, որ առաջին գրանցված կուսակցությունները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից։ Շատ լավ գիտեք, որ այդ 70 կուսակցություններից շատ շատերը մի քանի անդամ հաշվող կազմակերպություններ են։ Մենք նրանց հետ չենք մրցելու։ Մենք քաղաքական լուրջ կուսակցություն ենք եւ տարածված ենք Հայաստանի բազմաթիվ մարզերում: Տակավին վերջին մի քանի ամիսներին Վարդենիսի, Արմավիրի, Սիսիանի, Եղվարդի շրջաններում եւ մայրաքաղաք Երեւանում երիտասարդական, մարզական եւ այլ տիպի ակումբներ հաստատեցինք, տասնյակներով երիտասարդներ կուսակցական օծեցինք, եւ այդ շրջաններում, պետք է ասել, խանդավառությունը մեծ է։ Տակավին ծրագրեր ունենք, եւ նախաքայլերն արված են` տարբեր մարզերում եւ քաղաքներում կուսակցական, մշակութային, երիտասարդական եւ այլ մարմիններ ստեղծելու։
– ՌԱԿ Արգենտինայի կառույցի ներկայացուցիչ Սերխիո Նահապետյանը Երեւանում կայացած մամուլի ասուլիսում դժգոհեց, որ իրենց թույլ չեք տալիս կուսակցական ատրիբուտներն օգտագործել: Ի դեպ, նա նաեւ ասաց, որ Հայաստանում է իբրեւ ՌԱԿ ատենապետ:
– Սերխիո Նահապետյանը իրավունք ունի իր գաղափարներն արտահայտելու աշխարհի որեւէ մեկ անկյունում, կարող է Հայաստանում ներկայանալ որպես Սփյուռքի ՌԱԿ-ի անդամ, սակայն ոչ ՀՀ ՌԱԿ- ի ներկայացուցիչ։ Հայաստանի ՌԱԿ-ը պաշտոնապես գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում։ Ընկեր Նահապետյանի արարքը ՀՀ ներքին գործերին միջամտել է։ Բան, որն օրենքով արգելված է: Ասեմ, որ ՀՀ առաջին խորհրդարանում ՌԱԿ-ը 21 պատգամավորներ ուներ։ Իսկ այդ ժամանակ ՌԱԿ-ի Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Արշավիր Կեոնճյանը պաշտոնապես ՌԱԿ-ի դրոշն ու զինանշանը փոխանցեց Հայաստանի ՌԱԿ-ի Կենտրոնական վարչությանը։
– Սերխիո Նահապետյանը նաեւ մտահոգություն հայտնեց առ այն, որ ՌԱԿ-ը փորձեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին ընդդիմության դրոշի ներքո: Իր բառերով՝ «Այս ընդդիմութիւնը սփիւռքում համարվում է բաւականին վտանգաւոր երեւոյթ, որոհետեւ եթէ այդ ընդդիմութիւնը մտնելով սփիւռքի մէջ, բաժանումներ կստեղծի, որոնք կը կործանեն մեր սփիւռքը»։ Այս մասին ի՞նչ կասեք:
– Ռամկավարական, ժողովրդավարական երկրներում ընդդիմությունը անհրաժեշտություն է։ Ընդդիմության մեջ կամ ընդդիմությանը կողմ լինելը չի՛ նշանակում վարկաբեկել իշխանություններին։ Դա չի՛ նշանակում իշխանությունների դեմ աշխատել։ Պետք է գտնվեն մարդիկ, կուսակցություններ, որոնք կարենան «ոչ» ասել իշխանությունների սխալ քաղաքականությանը։ Մենք՝ ռամկավարներս, պարտականություն եւ իրավունք ունենք դրական, շինիչ քննադատությամբ մոտենալու իշխանությունների արարքներին։ Եթե դրական երեւույթ տեսնենք` կգնահատենք, եթե, ըստ մեր հայեցողության, սխալ քայլեր նշմարենք, պետք է քննադատենք։
– Դա չի՞ կործանի Սփյուռքը՝ ինչպես համոզված է Ձեր ընդդիմախոսը:
– Դա ոչ մի կերպով Սփյուռքին վնաս չի հասցնի։ Հակառակը՝ կկազմակերպի Սփյուռքը եւ նրա զանազան միավորները կհամախմբի Հայաստանի շուրջը, հայրենիքի շուրջը։ Իշխանությունը ինքը պետք ունի շինիչ քննադատության։ Գեղեցիկ կարգախոսներով հայրենիք չի կերտվի։
– Շատ դրական կոչ է։ Մենք արդեն իսկ ծրագրել ենք գործարարների հետ գործակցելու՝ հավաքական կերպով ներդրումներ կատարելու։ Սակայն նախքան այդ ՀՀ-ն պետք է օրենքով ապահովի արտասահմանյան ներդրողների վստահությունը, եւ ներդրումները, սփյուռքահայերն իրենց կարողականության չափով կաշխատեն օգնել Հայաստանի վերելքին եւ բարգավաճմանը։
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ օրաթերթ»
17.06.2017