Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կուսակցությունների 3-րդ համաժողովի եզրափակիչ բանաձեւը. «Դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը»

Հունիս 19,2017 15:54

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԲԱՆԱՁԵՎ

Մենք` 2017 թվականի հունիսի 16-18-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներս, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների իրողությունը և կարևորելով

Հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործումը,

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը,

Քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը,

Հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը հայոց պետականության կերտման գործում և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը համազգային նշանակություն ունեցող հարցերում,

Հայկական պետություններում կուսակցությունների վերլուծական և կառուցվածքային կարողությունների զարգացման նպատակով փորձագիտական ձևաչափերով քննարկումների համար հարթակների ստեղծման անհրաժեշտությունը,

Հայկական պետություններում տնտեսության առաջանցիկ զարգացումը և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև սոցիալական արդարության նպատակային քաղաքականությունը՝.

1.      Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

2.      Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետագա զարգացման բացառիկ երաշխավորն անվտանգության միասնական համակարգն է, և հատկապես՝ հայկական զինված ուժերը:

3.      Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը և ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը և տարածաշրջանի անվտանգությունը:

4.      Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը:

5.      Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը հետամուտ լինել շփման գծում միջադեպերի ուսումնասիրության և հետաքննության մեխանիզմների ներդրմանը, դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, հրաժարվելով անարդյունավետ համահարթեցման մոտեցումներից՝ հասցեական գնահատականներ տալ և նախահարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ:

6.      Փաստում ենք արտաքին քաղաքականության ոլորտում և միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը:

7.      Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության և միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման և հանդուրժողականության անհրաժեշտությունը:

8.      Նպաստելու ենք ընտրական համակարգերի շարունակական կատարելագործմանը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը:

9.      Վերահաստատում ենք Ստեփանակերտ քաղաքում հայկական կուսակցությունների ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը՝ ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ:

10.  Առաջարկում ենք Սփյուռքի մյուս երկու ավանդական կուսակցություններին հետագայում միանալ այս համաժողովի աշխատանքներին:

 «Ազատ hայրենիք» կուսակցություն
«Ազատություն» կուսակցություն
«Ազգային միաբանություն» կուսակցություն«Ազգային վերածնունդ» կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Արցախի Հանրապետության Կոմունիստական կուսակցություն
Արցախի Արմենական կուսակցություն
Արցախի Հանրապետական կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն
Հայոց Համազգային շարժում
«Հանրապետություն» կուսակցություն
Հզոր Հայրենիք կուսակցություն
Միացյալ Ազատական Ազգային Կուսակցություն
«Սահմանադրական Իրավունք» միություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
 

ք. Ստեփանակերտ

2017 թվականի հունիսի 18

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930