Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի` չհանդիպելով ևս որևէ հարց չի լուծվելու
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան օրերս հայտարարեց, որ Արցախի հակամարտության գործող ձևաչափը ենթադրում է փոխզիջումների փնտրտուքներ, և նշեց, թե կցանկանային, որ փոխզիջման հասնեն հնարավորինս արագ, բայց ոչ ի վնաս Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների և Լեռնային Ղարաբաղում ապրող բնակիչների:
«Առավոտը» ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանից հետաքրքրվեց` այս հայտարարությունից հետո ռիսկեր չե՞ք տեսնում, որ սահմանային լարվածությունը կմեծանա: Պարոն Մելիքյանը պատասխանեց, թե տիկին Զախարովայի խոսքերի` նշված մեջբերումը միանգամայն համահունչ է այն մոտեցումներին, որոնք իրենց արտացոլումն են գտել Մադրիդյան սկզբունքներում. «Այս համատեքստում կարող եմ ասել, որ ոչ թե տիկին Զախարովայի ասածներն են սահմանային միջադեպերի հաճախակիացման սկզբնաղբյուրը, այլ այն, որ Հայաստանն առ այսօր մնում է իր իսկ սեփական անարդյունավետ բանակցային փիլիսոփայության պատանդը: Ավելի ճիշտ՝ քաղաքական պատասխանատուների այդ փիլիսոփայության պատանդն ու զոհն են դառնում սահմանին կանգնած մեր զինծառայողները»:
Սահմանային իրավիճակի լարման մյուս հավանական պատճառը թուրք-ադրբեջանական զորավարժություններն են Նախիջևանի տարածքում: Հարցին` դրանք կարո՞ղ են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների, պարոն Մելիքյանը զորավարժությունները ռիսկային համարեց ու պարզաբանեց. «Անշուշտ, այս կարգի համատեղ զորավարժությունների անցկացումը Նախիջևանի տարածքում բավականին ռիսկային թուրք-ադրբեջանական նախաձեռնություն է և որոշակի լարվածություն է առաջացնում: Այդուհանդերձ, կարծում եմ, որ լայնածավալ պատերազմ սկսելն այս պահին Թուրքիայի ծրագրերի մեջ չի մտնում, թեև, անկասկած, Անկարան այժմ եռանդագին կերպով նախապատրաստվում է իր համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ուղղության վրա ոչ հեռավոր ապագայում ռազմական բարձր ակտիվություն դրսևորելու տարբերակին»:
ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպել-չհանդիպելու, դրա արդյունավետության հարցը ևս վերջին օրերին փորձագիտական և քաղաքական շրջանակներում դարձավ քննարկման առարկա: Մեր հիշեցմանը, թե կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանը ցանկություն չունի հանդիպելու Իլհամ Ալիևին, և հարցին` արդյոք իրատեսակա՞ն է երկու նախագահների հանդիպումը, և այն կլինի՞ արդյունավետ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը պատասխանեց ենթադրությամբ, թե գուցեև այդպես է իրականում, ու պարոն Սարգսյանն իրոք չի ցանկանում անիմաստ ժամանակ վատնել պարոն Ալիևի հետ անպտուղ զրույցներ վարելու վրա: Բայց նաև հարցը դիտարկեց այդ հանդիպումը չկայանալու տեսանկյունից. «Բայց չէ՞ որ չհանդիպելով ևս որևէ հարց չի լուծվելու, իսկ արդյունքում ճակատային գծում իրավիճակը կարող է կրկին ժամանակավորապես լարվել և ապրիլյան քառօրյա ռազմագործողության նմանությամբ մեզ ցավալի նոր կորուստներ բերել: Հայկական կողմերին նոր քաղաքական նախաձեռնություններ են հարկավոր, որոնց միջոցով հնարավոր կլինի արմատապես շրջել իրավիճակը՝ ուժեղացնելով սեփական բանակցային դիրքերն ու ստիպելով հակառակորդին էապես նվազեցնել իր ռազմական ակտիվությունը շփման գծի ողջ երկայնքով: Սա միանգամայն լուծելի խնդիր է»:
Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի` ընտրությունների մասին կոշտ գնահատականների կապակցությամբ ՀՀ իշխող կուսակցության` ՀՀԿ-ի ներկայացուցիչների հակադարձմանը՝ Արման Մելիքյանը նկատեց, թե եվրոպական տարատեսակ կառույցները բավականին զավեշտալի պահվածք են որդեգրել հայաստանյան «ընտրական» գործընթացների կազմակերպման ու դրանց արդյունքների լեգիտիմացման համատեքստում. «Նախ՝ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ գործող իշխանությունը ցանկացած գնով ու միջոցների կիրառմամբ վերարտադրվի, նպաստում են նրան, որպեսզի համապետական ընտրական կեղծարարության հետևանքով ձևավորված իշխանությունն այլևս ժողովրդի ընդվզումից վախենալու առարկայական հիմքերը վերացրած լինի, ապա հանդես են գալիս ինչ-որ քննադատակառուցողական առաջարկություններով ու հայտարարություններով»:
Պարոն Մելիքյանը հայաստանյան գործող իշխանության և արևմտյան ժողովրդավարության էտալոնային մոդելները ներկայացնող եվրակառույցների միջև մեծ նմանություն է տեսնում. երկուսն էլ ՀՀ իշխանության ձևավորման իրական մեխանիզմները քողարկելու մեծ վարպետներ են, պարզապես յուրաքանչյուր ընտրական փուլի ողջ ընթացքում նրանք համերաշխորեն համագործակցում են և գրանցում միանգամայն փոխընդունելի արդյունք, որից հետո սկսվում է եվրոպական ժամկետանց քննադատության բարձրաձայնման ժամանակահատվածը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»
17.06.2017