«Валико Джан, у нас в Дилижане в кухне открываешь простой кран, вода течет второе место занимает в мире! – А первое в Ереване, да? – Нет, в Сан-Франциско»,-այս արտահայտությունը Գեորգի Դանելիայի նկարահանած «Միմինո» ֆիլմից է, որի երաժշտությունը գրել է Գիա Կանչելին: Կոնկրետ այս դրվագում Մհեր Մկրտչյանն է Դիլիջանի ջուրը գովաբանում Վախթանգ Կիկաբիձեւի մոտ:
«Գիա Կանչելի» փառատոնի առիթով Երեւան ժամանած վրացի մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին այսօրվա նման հիշում է, թե ինչպես էին երկու անվանի դերասանները ձայնագրվում այդ կտորի համար:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանչելին պատմում է, որ գյումրեցի Մհեր Մկրտչյանը Դիլիջանի փոխարեն Լենինական էր ասում: «Ես միջամտեցի, ասացի ախր Լենինականի մեջ Լենին անունը կա, հետո խոսքը Դիլիջանի ջրի մասին է, ոչ թե Լենինականի: Ֆրունզիկը նայեց ինձ, շատ հավանեց իմ վերնաշապիկն ու ասաց` կտաս հագնե՞մ: Սեւ վերնաշապիկ էր, հանեցի ու նվիրեցի իրեն, ես էլ իր վերնաշապիկը հագա: Ու այդ պայմանով միայն Ֆրունզիկը կարդաց «у нас в Дилижане …»,- ժպտալով պատմեց մաեստրոն:
Նաեւ կատակով հավելեց. «Այնպես որ, ես դերակատարություն ունեմ ֆիլմի միջոցով Ձեր Դիլիջանի ջուրը հանրահռչակելու մեջ»:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ