Ընթացք կտրվի՞ հավաքարարի վճռաբեկ բողոքին, կհարգվի՞ նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը
«Առավոտին» է դիմել երեքուկես տարի դատական գործընթացների մեջ ներքաշված Ռուզաննա Հակոբյանը: Ռուզաննա Հակոբյանը 2005 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2010 թվականի մարտի 1-ը աշխատել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ ՀՀ Շիրակի մարզային գրասենյակում, որպես հավաքարար: Այն, որ նա աշխատել է հավաքարար, նշված է նաեւ կնիքված աշխատանքային գրքույկում: Սակայն տիկին Ռուզաննայի աշխատած տարիների համար գործատուի մեղքով կենսաթոշակ չեն տալիս: Կինը դիմել է դատարաններ, իսկ մայիսից էլ նրա բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանում է: Մեկ անգամ արդեն՝ մայիսի 11-ին Վճռաբեկ դատարանը «ՀՀ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում է կայացրել, որը քաղաքացին ստացել է մայիսի 27-ին: Ի դեպ, գործի նյութերում կա փոստային ծրարի վրա դրոշմակնիքը, փոստային ծրարը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում և չեն վերադարձրել:
Այդ ծրարի վրա նշված է ժամը 11.00 -ին: Քաղաքացին իբր խախտել է պատասխանելու եռօրյա ժամկետը: «Մայիսի 27-ի ժամը 11.00-ից մայիսի 30-ը ժամը 9.00-ն եռօրյա ժամկետ չի խախտվել, որովհետև նշյալ ժամանակահատվածը կազմում է 70 ժամ, այլ ոչ թե եռօրյա ժամկետ՝ 72 ժամ»,-ասում է բողոքաբեր կողմը: Ըստ նրա. «2016 թվականի հունիսի 15-ի և 2015 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով որոշումներ կայացրած՝ նախագահող դատավոր Ե. Խունդակարյանը, դատավորներ Գ. Հակոբյանը, Ս. Անտոնյանը, Վ. Ավանեսյանը, Ա. Բարսեղյանը, Մ. Դրմեյանը, Ռ. Հակոբյանը, Տ. Պետրոսյանը, Ե. Սողոմոնյանը, Ն. Տավարացյանը կամ գրագետ չեն, կամ չեն ճանաչում ամբողջ աշխարհին հայտնի և օգտագործվող արաբական թվերը, կամ չեն հասկանում և չգիտեն, որ օրը բաղկացած է 24 ժամից, իսկ երկրորդ կիսամյակի ամիսը՝ 30 կամ 31 օրից»: Այս ժամկետի «բացթողնման» համար էլ ստացվել է, որ դատարանը վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու համար հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և այն խախտել է, ինչն ակնհայտ դատավարական նորմի կոպիտ խախտում է և կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ:
« 2016թ. մայիսի 28-ն Անկախության օրն էր՝ փոստերի համար ոչ աշխատանքային օր էր, իսկ մայիսի 29-ը կիրակի՝ փոստերի համար նույնպես ոչ աշխատանքային օր է եղել, եւ ես բողոքս առաքել կարող էի միայն մայիսի 30-ին, առավոտյան ժամը 9.00-ից հետո՝ երբ փոստերը սկսում էին աշխատել: ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների խումբը փորձում է ինձ բացատրել բացարձակ նոր թվաբանության կանոններ, այսինքն, փորձում են խաղալ նոր Անանիա Շիրակացի՝ նոր թվաբանության կանոններով: ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների խումբը փորձում է ցույց տալ, որ 27 գումարած 3, հավասար կլինի 31-ի, որը ծիծաղ է առաջացնում նույնիսկ կրտսեր դպրոցի երկրորդ դասարանի ծույլ աշակերտի մոտ»,-հակադարձում է Ռ.Հակոբյանը:
Ի դեպ, այս տարվա հունիսի 15-ին լրանում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների խմբի կողմից թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով ընդունված որոշման տարին: Քաղաքացին դիմել է ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, բազմաթիվ անգամ գրելուց և անիմաստ պատասխան ստանալուց հետո, վերջապես նորից մայիսի 10-ին դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, մայիսին 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին և մայիսի 26-ին ՀՀ արդարադատության խորհրդին, սակայն, երեկվա դրությամբ, հարկ չեն համարել պատասխանել նրան: Մարզի բնակիչը պահանջում է կարգապահական վարույթ հարուցել դատավորների խմբի նկատմամբ: Ըստ Ռ.Հակոբյանի, 2014 թվականի մայիսի 15-ին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական մարմնի կողմից ճանաչվել է հաշմանդամ։ Կենսաթոշակի նշանակման համար 2005-2010թթ. ժամանակահատվածի ստաժը հաստատող փաստաթղթերից մեկը՝ աշխատանքային գրքույկը առկա է, սակայն սոցիալական վճարումների վերաբերյալ փաստաթղթային հիմքերն առկա չեն: Աշխատանքային գրքույկում առկա գրառման «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ ՀՀ Շիրակի մարզային ծրագիրը 2010 թվականի մարտի 1-ին ավարտվել էր: Իսկ ՀՀ ազգային արխիվի և ՀՀ ազգային արխիվի Շիրակի մասնաճյուղում չեն պահպանվել այդ փաստաթղթերը, քանի որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ-ի համապատասխան փաստաթղթերը պետարխիվին պահպանության չեն հանձնվել: Ռ.Հակոբյանը 2013 թվականի նոյեմբերի 28-ին դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, խնդրելով հաստատել 2005 թվականի օգոստոսի 1-ից մինչե 2010 թվականի մարտի 1֊-ը «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ»-ի ՀՀ Շիրակի մարզային գրասենյակում որպես հավաքարար աշխատելու և այդ ժամանակահատվածներում աշխատանքային ստաժ ունենալու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը՝ 2005-2010թթ. աշխատանքը ապահովագրական աշխատանքային ստաժ համարելու հանգամանքները։
Դատարանը հօգուտ հավաքարարի վճիռ է կայացրել: Սակայն վճռի դեմ բողոք է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը: Սոցապը հանգել է այն հետեւության, թե. «Դատարանը հաշվի չի առել նաև, որ վերոգրյալ հիմնարկը հանդիսանում է գործող կազմակերպություն, հետևաբար չէր կարող այդ կազմակերպության փաստաթղթերը հանձնված լինել արխիվին ի պահպանություն։ Բացի այդ, կազմակերպության փաստաթղթերը արխիվին պահպանության հանձնված չլինելու հանգամանքր դիմումատուն հաստատել է ՀՀ ազգային արխիվի Շիրակի մարզային մասնաճյուղի տված տեղեկանքով և ոչ թե կոնկրետ ՀՀ ազգային արխիվի։ Կազմակերպությունն իր գրանցումը ստացել է ոչ թե Շիրակի մարզում, այլ Երևանում, հետևաբար չէր կարող փաստաթղթեր ի պահպանություն հանձնել ՀՀ ազգային արխիվի Շիրակի մարզային մասնաճյուղին»։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նշյալ վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Ռ.Հակոբյանը դիմել է Վճռաբեկ դատարան, որտեղից բողոքը վերադարձվել է, այն պատճառաբանությամբ, թե իբրեւ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո է ներկայացվել, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է: Ըստ հաշմանդամ կնոջ՝ «Դատարանը կամայականություն է ցուցաբերել՝ չկիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները»:
Բողոքաբեր կողմի գնահատմամբ. «Դատարանը վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին դիտել է որպես իր կոլեգաներ և այդ հիմքով գտել է, որ նրանց որևէ գործողություն ենթակա չէ դատական վերահսկողության»: Ռ. Հակոբյանն ասում է. «Եթե ենթադրենք, որ օրենքի հետ ինչ-ինչ խնդիրներ կան, ապա առավելությունը պետք է տրվի Սահմանադրությանը: Դատարանը մերժելով ինձ՝ խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իմ Սահմանադրական իրավունքը՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը: Ըստ էության, խախտվել է նաեւ քաղաքացու դատական պաշտպանության իրավունքը, որի մասին որոշումներ է կայացրել ՀՀ սահմանադրական դատարանը: Մասնավորապես, 2006թ. հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652 (կետ 6), 2006թ. նոյեմբերի 16-ի ՍԴՈ-665 (կետ 5), 2007թ. հունվարի 16-ի ՍԴՈ-673 (կետեր 8-9), 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշումներում»: Տիկինը պահանջում է բողոքը լսել, ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և հաստատել իր՝ որպես հավաքարար աշխատելու և այդ ժամանակահատվածներում աշխատանքային ապահովագրական ստաժ ունենալու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»
17.06.2017