Նյու Յորքի այս նվագախումբը հիմնականում չինական երաժշտություն է քարոզում:
Բոլոր ժամանակներում ցանկացած ազգ ձգտել է սեփական մշակույթը ներկայացնել աշխարհին: Վերջին շրջանում այդ նպատակով որոշ երկրներ արտասահմանում հիմնում են տարբեր ոլորտներ ընդգրկող մշակութային խոշոր կենտրոններ: Խոսքն այս դեպքում ԱՄՆ-ում 2006-ին ստեղծված չինական «Shen Yun Performing Arts»-ի մասին է, որի ստեղծագործական կոլեկտիվներում աշխատող արվեստագետների մեծ մասը այլազգի է:
«Առավոտը» զրույցի հրավիրեց Նյու Յորքի «Shen Yun» սիմֆոնիկ նվագախմբի տրոմբոնահար Կարեն Խաչատրյանին (լուսանկարում): Այս երաժիշտը առաջին հայն է, որ 2012-ից աշխատում է հիշյալ նվագախմբում: Մինչ ԱՄՆ մեկնելը՝ 1991 թվականից նա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ էր:
«Այդ նվագախումբը չունի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր: Այս պահին մեզ հետ աշխատում են 5 հրավիրյալ դիրիժորներ, այդ թվում՝ Վարդան Հակոբյանը: Բազմազգ կոլեկտիվում 5 հայ ենք՝ ես, ջութակահարներ Արսեն Կետիկյանը, Ստեփան Խալաթյանը եւ ալտահար Վարդան Պետրոսյանը: Տարվա ընթացքում 6-7 ամիս շրջագայում ենք Ամերիկայից մինչեւ եվրոպական երկրներ, Ավստրալիա… Նվագախմբի համերգային ծրագրում հիմնականում չինացի կոմպոզիտորների ստեղծագործություններ են, ինչպես նաեւ համաշխարհային դասական երաժշտության նմուշներ, բայց առաջիկայում ցանկություն կա հնչեցնել Խաչատրյանի ստեղծագործություններից»,- հայտնեց Կարեն Խաչատրյանը: Ժպտալով էլ հավելեց, թե իր՝ այդ նվագախմբում աշխատելու առաջին օրվանից կոլեկտիվը չի եղել միայն Աֆրիկայում եւ Լուսնի վրա:
Մեր զրուցակիցը նշեց, որ Երեւանում լինելու ժամանակահատվածում վարպետության դասեր է անցկացրել Ստեփան Ջրբաշյանի եւ Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոցներում:
Հարցին, թե վերադառնալու ցանկություն ունի՞, մեր զրուցակիցը պատասխանեց. «Անշուշտ՝ այո, ու սրանք լոկ բառեր չեն: 92-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում 40 տարի աշխատել է հայրս՝ Արամ Խաչատրյանը՝ դարձյալ տրոմբոնահար… Կարելի է պատկերացնել, թե ինչ է մեր ընտանիքի համար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Բայց նշեմ, որ, այնուամենայնիվ, հետաքրքիր է նույն կոլեկտիվում շփվել տարբեր ազգերի երաժիշտների հետ, մեկնել շրջագայությունների, համերգներ ունենալ հեղինակավոր դահլիճներում»:
Ամենահին երգը հայտնաբերվել է Չինաստանում, կավե ցուցանակի վրա, գրված մոտավորապես մ.թ.ա. 1400թ., ամենահին եւ ամենամեծ նախապատմական երաժշտական գործիքների հավաքածուն էլ հայտնաբերվել է հենց Չինաստանում (մ.թ.ա. 7000-6600թթ.): Աշխարհում իբրեւ այդ երկրի բրենդ հայտնի է չինական ավանդական պարը: Նկատենք, որ այդ հին մշակույթի հետ հայերս այսօր շփվում ենք ոչ հաճախ, հիմնականում տարին մեկ Հայաստանում Չինաստանի դեսպանատան կազմակերպած մշակութային օրերին եւ երբեմն ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից հրավիրված երաժիշտների միջոցով:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»
17.06.2017