Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սարգիս Գրիգորյան. «Մեր խնդիրը սեփական ուժերով հաջողությունների հասնելն է»

Հունիս 19,2017 15:28

Հարցազրույց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, ներկայացրեք, խնդրեմ, ֆեդերացիայի այս տարվա ծրագրերը:

-Այս տարի էլ նախորդների նման չորս տարիքային խմբերի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնություններ ենք կազմակերպում: Սրանց ավելացնենք ուսանողական, դպրոցական խաղերը եւ այլ մրցումներ, որոնք անցկացնում ենք մարզերում, քաղաքներում, նաեւ՝ Արցախում: Չմոռանանք նաեւ միջազգային մրցումները: Տարեկան միջին հաշվով ֆեդերացիան կազմակերպում է 20 մրցաշար:
-Բայց մարզաձեւի մասսայականացման եւ մարզական ցուցանիշների աճ առանձնապես չի նկատվում:

– Աճը խիստ հարաբերական հասկացություն է: Նայած ինչ նկատի ունեք: Վերջին տարիներին հանդբոլը Հայաստանում թե մասսայականության, թե որակական առումով բավականին առաջ է գնացել: Մեր հավաքականները, ճիշտ է, նաեւ դրսից (հատկապես Ֆրանսիայից) համալրված մեր հայրենակիցների շնորհիվ, նույնիսկ հաղթանակներ են գրանցել միջազգային մրցումներում, ինչը կարելի է ասել, չտեսնված բան էր: Այլ բան է, թե դա որքանով է գոհացնում առաջին հերթին ֆեդերացիային եւ որքան կարող է շարունակվել: Մոտ երկու տարի Ֆրանսիայի մեր հայ գործընկերների հետ, կարծում եմ, նրանց մոտ ֆինանսական պատճառներով, համագործակցությունը մի փոքր թուլացել է: Բայց ես ջանքեր եմ գործադրում այն գոնե նախկին մակարդակին վերադարձնելու համար: Աշնանը այդ նպատակով նախատեսում եմ մեկնել Ֆրանսիա: Բայց սա չի նշանակում, թե հույսներս դրսի հայազգի հանդբոլիստների վրա է: Մեր գերխնդիրը սեփական ուժերով հաջողությունների հասնելն է:
-Ի՞նչն է խանգարում:

-Խնդիրները շատ են: Սկսած առողջ ապրելակերպի, ֆիզիկական կուլտուրայի եւ մեծ սպորտի նկատմամբ պետության որդեգրած քաղաքականության հստակ տարանջատումից, մինչեւ ենթակառուցվածքներ, դրանից բխող՝ պետական աջակցության բաշխում ու ընդհանուր աշխատանքների կազմակերպում: Ընդ որում, սա միայն հանդբոլին չի վերաբերվում: Մեր ֆեդերացիան պետությունից արդեն չորս-հինգ տարի ստանում է 18 մլն դրամ աջակցություն: Դրանով հանդբոլ չես զարգացնի: Բայց ես ֆինանսավորման չափը չեմ համարում գլխավոր պատճառ: Մենք գոնե կարողանում ենք պակասը մեր հնարավորությունների սահմաններում որոշ չափով լրացնել: Բայց առաջընթացը մեզ չի գոհացնում: Մարզաձեւերի պահպանման եւ զարգացման պետական համալիր ծրագրեր են անհրաժեշտ:

-Ավելի հանգամանալից կներկայացնե՞ք:

-Ասել ու հիմա էլ կրկնում եմ. սպորտին տրվող պետական աջակցության պատկերն այսպիսին է: Ամբողջ գումարի, այդ թվում՝ մարզագույքի համար, կեսից ավելին գնում է երեք-չորս մարզաձեւի: Մենք ընդունում ենք, որ պետք է օլիմպիական, աշխարհի չեմպիոններ ունենանք: Նրանք բոլորը մեր հպարտությունն են: Այստեղ երկրորդ խոսք չի կարող լինել: Բայց դա պրոֆեսիոնալ սպորտ է, դա մասնավորի, մասնավոր բիզնեսի, ներդրումների խնդիր է, այլ ոչ թե պետության կողմից աջակցության գումարների: Հարցն այդպես չի լուծվում: Մենք այդպես կորցնում ենք մասսայական սպորտը: Պետք է հասկանանք՝ ինչ է ֆիզկուլտուրան, ինչ է՝ սպորտը: Սպորտն ընդամենը ֆիզկուլտուրայի բաղադրիչ մասն է:

Սպորտը մրցում է, ֆիզկուլտուրան՝ առողջություն: Սպորտում ոչ ոք առողջությունն առաջին պլանում չի դնում: Դրա համար մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում, ինչով ենք զբաղվում, ինչին է պետությունն աջակցում առանց այն էլ իր սակավ միջոցներով: Պետք է հետեւել, որ մարդիկ զբաղվեն իրենց առողջությունով, որ դպրոցներում, բուհերում ֆիզկուլտուրայի դասերին հաճախեն: Պիտի սովորենք մեր ունեցած միջոցները ռացիոնալ օգտագործել, այլ չասել՝ եղածը քիչ է: Դա առանց այդ էլ հայտնի է: Վրաստանի հանդբոլի ֆեդերացիան 15 անգամ ավելի է ֆինանսավորվում, քան Հայաստանինը: Այս տարի Վրաստանում աշխարհի առաջնություն են անցկացնում, որովհետեւ միջազգային ստանդարտի երկու դահլիճ ունեին, չորսն էլ կառուցեցին: Մենք տասը տարի է՝ ուզում ենք մի հատ դահլիճի նման բան ունենալ, չենք կարողանում: Ամբողջ սպորտի նախարարությունը միջազգային չափորոշիչների մի դահլիճ չունի:

Նախարարությունն ի՞նչ անի, ցանկացած ֆեդերացիայի նախագահ ի՞նչ անի, եթե փող պիտի վճարի իր հավաքականների մարզվելու համար: Տեղ չկա, ամեն ինչ սեփականացրել են: Մեր հանդբոլի թիմերը մարզվում են որտեղ պատահի՝ դպրոցների, բուհերի դահլիճներում: Պիտի առաջնահերթ եղած միջոցները հաշվառվեն, կարգի բերվեն ու ռացիոնալ օգտագործվեն: Դա շատ ավելի հեշտ ու արագ է, քան նոր դահլիճներ կառուցելը: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Խոսքն առաջին հերթին խաղային մարզաձեւերի համար է, որտեղ թիմերն արդեն մասսայականություն են, իսկ որքան շատ թիմ, այնքան շատ առողջ երիտասարդ եւ վարպետության աճ: Մի ժամանակ հանդբոլի «Վարչապետի գավաթի» միջազգային մրցաշար էինք անցկացնում Երեւանում: Հիշում եք, թե որքան սիրված մրցում էր ու որքան նպաստեց հանդբոլի տարածմանը հանրապետությունում: Ֆինանսական պատճառներով այն դադարեց:

Մտադիր եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի վերականգնվի: Այդպիսի միջազգային մրցաշար կորցնել չի կարելի: Երկու տարի է, ինչ հանդբոլի համար խաղահրապարակի միջազգային չափանիշներին համապատասխանող հատակ ենք ձեռք բերել քաղաքապետարանի աջակցությամբ: Բայց այդպես էլ պահեստավորված մնում է: Խոստացել են Շենգավիթի մարզադպրոցի հսկայական դահլիճում դնել, որը կդառնա հանդբոլի, ինչու չէ, խաղային մյուս մարզաձեւերի՝ ֆուտզալի, բասկետբոլի, վոլեյբոլի հիանալի կենտրոն: Բայց աշխատանքների սկսումն անընդհատ հետաձգվում է: Դահլիճն այնքան մեծ է, որ մի մասում նույնիսկ տրիբունա կարելի է կառուցել: Քաղաքապետարանը պիտի դահլիճը նորոգի եւ հույս ունենք, որ գոնե մյուս տարի կսկսեն: Եթե երկու տարի էլ գործընթացը ձգձգվի, ստիպված կլինենք տալ ուրիշներին, այլապես կփչանա:
Ֆիզկուլտուրայով զբաղվողը եթե հասնում է որոշակի մակարդակի, գալիս է պրոֆեսիոնալ դառնալու ժամանակը: Այդ մարզիկներին պիտի վճարել, դա է նրանց մասնագիտությունը: Բայց այդ մասնավոր վճարողը չկա կամ շատ քիչ են: Իսկ մարդը պետք է ապրի, ամուսնանա, ընտանիքի հոգսերը հոգա: Այստեղ էլ նախկինի, ներկայի ու ապագայի միջեւ կապը կտրվում է ու ամեն բան կորչում շատ դեպքերում: Այ, սա է խնդիրը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»

17.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930