Հայաստանի Ազատագրման Հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսեց սահմանային լարվածության, պատերազմի վերսկսման հավանականության մասին:
Նրա խոսքերով՝ «Ես միշտ մի տեսակ եմ լինում, երբ հարցնում են սահմանային լարվածության մասին: Մենք բոլորս պիտի իմանանք՝ Ադրբեջանի հետ մենք պատերազմի մեջ ենք, մեր զինվորը, մեր երիտասարդը ծառայում է՝ ըլլա ապրիլին, ըլլա՝ հունվարին, ըլլա՝ դեկտեմբերին, ըլլա՝ մայիսին, երբ ուզե ըլլա: Զոհերը, պարզ է, ցանկանում ենք, որ չլինեն, բայց լինում է: Իմ համար այդ դիրքում այդ երիտասարդը, որ խրամատի մեջ ծառայում է՝ պատերազմական լարված վիճակ է արդեն մշտական՝ ամեն օր՝ 24 ժամ, ամեն ժամ՝ 60 րոպե, ամեն րոպե՝ 60 վայրկյան: Ինձ համար միշտ լարված է»:
ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսել է հասցեական հայտարարություններ անել, որ Ադրբեջանն է զինադադարի ռեժիմը խախտում, սա ի՞նչ կտա մեզ, փոփոխություններ կբերի՞՝ նա պատասխանեց. «Ես հայտարարություններին չեմ հավատում՝ ըլլա դրական, ըլլա ժխտական: Ես հավատում եմ դաշտի վրա եղած գործերին»:
Թե ինչպե՞ս կարելի է սաստել թշնամուն՝ հաշվի առնելով նաեւ, որ մենք տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական խնդիրներ ունենք՝ Վազգեն Սիսլյանը պատասխանեց. «Նախահարձակ լինելով: Երբ որ հարձակվում ես, երբ որ վերցնում ես, պիտի դրա շարունակությունը քաղաքական հայտարարություն լինի, որն ասի՝ իմ քաղաքացու, այս գյուղացու ապահովության համար ես սա վերցրել եմ, վե՛րջ: Չեմ ասում գրավել եմ, իմ քաղաքացիի պաշտպանությունը, ապահովությունն ավելի կարեւոր է, քան էս դիրքը: Կպահեմ էնքան ժամանակ՝ ինչքան ժամանակ էլ թշնամին ագրեսիվ կլինի, վտանգ կլինի: Վե՛րջ: Պետք եղավ՝ Բաքու ալ կհասնինք՝ Երեւանը պահելու համար»:
Սիսլյանը փառք է տալիս Աստծուն, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո խոսեց նախահարձակ լինելու մասին: Ըստ նրա, սա պետք է շարունակություն ունենա:
Մեր հարցին՝ որ ասում եք Բաքու կհասնենք, դա հնարավո՞ր է, թե՞ զուտ ոգեւորությունը բարձր մակարդակի վրա պահելու համար է ասվում՝ նա պատասխանեց. «Ինչի՞ չէ»:
Դիտարկմանը, որ փոխզիջումների, հող հանձնելու խոսակցություն կա մի կողմից, դուք խոսում եք Բաքու հասնելու մասին, ինչպե՞ս հասկանանք՝ Վազգեն Սիսլյանը պատասխանեց. «Անունը, որ դրվում է փոխզիջումներ, բայց ինչքան լսում ենք՝ միայն զիջում է: Փոխ-ը ո՞ր մեկն է, խոսում ենք այն զիջումների մասին, որ մենք պիտի իբր անենք, բա փոխը ո՞ր մեկն է, ի՞նչն է, հողեն ավելի թանկ բա՞ն»:
Մենք ճշտեցինք՝ դուք լավրովյան փաստաթղթին, կազանյան փաստաթղթին, որեւէ փաստաթղթի կողմ չե՞ք՝ նա պատասխանեց. «Խրիմյան Հայրիկ. Փաստաթուղթը սուտ բան է: Չնայած ես պետության ու պետականության դեմ չեմ, բայց ազատ եմ իմ խոսքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ