Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա էլ ո՞վ պիտի պատասխանը տա, եթե ոչ բանակը». Դավիթ Բաբայան

Հունիս 19,2017 14:24

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր Բաքու այցելությունը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը համարում է յուրահատուկ և կարծում, որ համանախագահները պետք է հասցեական հայտարարությամբ հանդես գան:

Aravot.am-ի հարցին՝ դա կլինի հասցեական հայտարարությո՞ւն՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում մեկնարկում են զորավարժություններ, իսկ վերջին օրերին սահմանին լարված է եղել. հայկական կողմն էլ 4 զոհ է ունեցել, թե՞ հերթական հայտարարությունն ուղղված երկու կողմերին, պարոն Բաբայանը պատասխանեց. «Առաջին անգամ համանախագահներն այցելում են Բաքու իրենց վերջին ու միակ հասցեական հայտարարությունից, այս սրացումներից անմիջապես հետո: Եթե այս հասցեականությունը, բավականին կոշտ հայտարարության ոճը նորից չկիրառեն, ապա Ադրբեջանի այդ քայլերն՝ ուղղված նրան, որ այդ վերջին և միակ հայտարարության բնույթը՝ որպես անհեթեթ ու տարօրինակ ներկայացնել, կհասնի իր նպատակին»:

Մեր հարցին՝ ի՞նչ արժեք կարող է ունենալ այդ հայտարարությունը՝ մանավանդ, որ վերջինից հետո Ադրբեջանը կրկին սահմանին ակտիվացավ, պարոն Բաբայանը պատասխանեց, եթե նման հայտարարությունները շատ լինեն, անշուշտ, ազդեցություն կունենա:

Այն, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարեց, թե «պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք», արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պատասխանը բանակն է տալու, այլ ոչ թե դիվանագիտական և քաղաքական հարթություններում, պարոն Բաբայանն արձագանքեց. «Բա էլ ո՞վ պիտի պատասխանը տա, եթե ոչ բանակը, եթե ասում ենք թիրախավորված: Մենք կանոնավոր բանակ ունենք: Իհարկե, ԱԳՆ-ն էլ իր հերթին պիտի տա պատասխան ռազմաքաղաքական, հասարակական, տեղեկատվական դիվանագիտական դաշտում: Պատասխանը պիտի տանք բոլորս՝ մեր համախմբվածությամբ»:

Պատերազմի ծավալման հավանականության հարցում քաղաքական գործիչների դիրքորոշումները տարբեր են: Օրինակ՝ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ նոր լայնածավալ պատերազմի հավանականությունը վերջին ամիսներին մի փոքր նվազել է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լայնածավալ պատերազմն անխուսափելի է:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ պատերազմի հավանականության ակտիվ ֆազա միշտ էլ կա, և պատրաստ ենք դրան, բայց մյուս կողմից կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս կանխատեսել, որ լայնածավալ, երկարատև պատերազմի հավանականությունը քիչ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930