Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում, երբ զինծառայողի թաղում են անում, երեխային ստիպում են, որ ոտանավոր արտասանի իր հոր գերեզմանին». Razm.info-ի վերլուծաբան

Հունիս 19,2017 14:05

Վերլուծաբանների կարծիքով, թեև ուժերի բալանսը արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով գրեթե պահպանված է, սակայն իրավիճակի լարումները միշտ էլ հնարավոր են:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Գարիկ Հարությունյանը փաստեց, որ Ադրբեջանը համարյա միշտ էսկալացնում է իրավիճակը, երբ իրեն անհրաժեշտ է որոշակի խնդիրներից իր հանրությանը շեղել. ներքին քաղաքական խնդիրներ, ներքին լրտեսական սկանդալ, նավթի գներ:

Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը փաստեց, որ այժմ կարող էր ազդեցություն ունենալ, օրինակ, այն, որ Ադրբեջանում սնանկացել է Ադրբեջանի միջազգային բանկը, որը պետք է ֆինանսավորեր Ադրբեջանի երկաթուղու կառուցումը:

Վերլուծաբանը չցանկացավ սահմանային լարվածությունը կապել Ադրբեջանում այսօր մեկնարկող զորավարժությունների հետ. «Երբեմն համընկնում են, բայց հիմնական պատճառը Ադրբեջանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է: Բայց այս պահին հավանականությունն այնքան էլ բարձր չէ, որ այս օրերին ևս կլարեն իրավիճակը»:

Դառնալով Մինսկի խմբի համանախագահների հավանական հայտարարության ազդեցությանը՝ Տարոն Հովհաննիսյանը նկատեց, թե պետք չէ սպասել, որ եթե ԵԱՀԿ-ն մի հասցեական հայտարարություն անի, Ադրբեջանը դրանից կզսպվի, դա պետք է կրի հետևողական բնույթ և զուգորդվի մեր գործողություններով:

Գարիկ Հարությունյանի կանխատեսմամբ՝ Մինսկի խումբը կարող է ավելի մեծ ճնշումներ գործադրել կողմերի վրա:

Խոսելով մեր հասարակության շրջանում գոյություն ունեցող արատավոր երևույթների մասին՝ Տարոն Հովհաննիսյանն առանձնացրեց այն, որ մենք քիչ ենք ուսումնասիրում Ադրբեջանին, շատ թերագնահատում այդ պետությանը. «Վտանգավոր է այն գաղափարը, որ հայկական բանակը երբ ուզի, հաջորդ օրը կհասնի Բաքու և որ իրենք ոչխարներ են: Ծայրահեղություն է նաև այն, որ գերագնահատում են Ադրբեջանի զինված ուժերի հնարավորությունները»:

Վերլուծաբանը վտանգավոր է համարում նաև Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը, հոգեբանական ճնշումը: Հատկապես երեխաների դաստիարակության առումով նա մի դրվագ նկարագրեց. «Ադրբեջանում, երբ զինծառայողի թաղում են անում, երեխային տանում, ստիպում են, որ ոտանավոր արտասանի իր հոր գերեզմանին: Սա հոգեբանական ճնշում է. դա հանգեցնում է նրան, որ այնտեղ հայտնվում են ինքնասպան մահապարտներ, որ կարող են գիշերով գնալ, հարձակվել դիրքերին, շեհիդ դառնալ: Սա վտանգավոր է նաև մեզ համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930