Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը անվստահություն էր հայտել իր երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին՝ կուսակցության ծրագրից, սկզբունքներից եւ գաղափարախոսությունից շեղվելու, ինչպես նաեւ երեւանցիների շահերը դավաճանելու համար:
Թե կոնկրետ ինչպես են դավաճանել խմբակցության անդամները «Երկիր Ծիրանիին» եւ երեւանցիներին, կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն առայժմ չցանկացավ մանրամասնել՝ ասելով, որ շուտով ասուլիս են հրավիրելու:
Մեր տեղեկություններով՝ «Երկիր Ծիրանին» Պետրոսյանին եւ Պարակշիեւին դավաճանության մեջ է մեղադրում, քանի որ նրանք փորձել են համագործակցել «Ելքի» հետ:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել «Ելք» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանից: Մեր հարցին՝ համագործակցություն եղե՞լ է «Երկիր Ծիրանիի» այդ երկու անդամների եւ ձեր միջեւ՝ նա պատասխանեց. «Ընդհանուր առմամբ՝ այո, մենք էլ ենք քննարկել եւ կարծում եմ, իրենց մոտ էլ են քննարկել՝ որոշակի համագործակցության եզրեր գտնելու համար, բայց պաշտոնական հանդիպումների եւ բանակցությունների մեջ չենք մտել: Դրանք եղել են ցանկություններ՝ քաղաքական հեռատեսության եւ հեռանկարայնության պահով: Բայց ասել, որ հենց դրա համար են իրենց հանել՝ ես չեմ կարող»:
Մենք հարցրեցինք՝ ինչո՞ւ եք հենց այդ երկու անդամներին հրավիրել համագործակցության, խմբակցության ղեկավարի հետ փորձե՞լ եք նախ քննարկել՝ Անի Սամսոնյանը պատասխանեց. «Մենք չենք հրավիրել համագործակցության: Պարզապես իրենք իրենց մոտ, մենք մեզ մոտ քննարկել ենք երկու խմբակցությունների միջեւ համագործակցության հնարավորությունը, բայց պաշտոնական հանդիպումներ մեր մեջ չեն եղել: Տեսնելով, որ «Երկիր Ծիրանին» այլ ռազմավարություն էր որդեգրել՝ նիստերին չէր մասնակցում կամ բոյկոտում էր, մենք պաշտոնական բանակցություն այդ առումով չենք ունեցել: Եղել են ցանկություններ երկու կողմերում էլ, որ կարողանանք ինչ-որ խնդիրների շուրջ գտնել միասնական լուծումներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ