Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկնարկեց  ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլը

Հունիս 19,2017 13:27

Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 163 սփյուռքահայ պատանի ու աղջիկ  7 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից և Ֆրանսիայից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:  Նա նշեց, մինչ այդ՝ ապրիլի 10-20-ը  «Արի տուն» ծրագրի հատուկ փուլով Հայաստան էին այցելել 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:

«Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Հայրենիք: Շնորհակալ ենք ձեր ծնողներին, ուսուցիչներին, որ վստահեցին և Հայաստան ուղարկեցին ձեզ՝ մասնակցելու հայրենաճանաչության այս լավագույն ծրագրին: Հյուրընկալ ընտանիքներում 9 և ճամբարային 5 օրերի ընթացքում դուք կայցելեք Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, թանգարաններ, հանդիպումներ կունենաք պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ: Հայաստանում սովորեք, կատարելագործեք Ձեր Մայրենին և հիշեք, որ միայն լավ մարդ  և մրցունակ մասնագետներ դառնալով կկարողանաք ստեղծել ձեր արժանապատիվ ապագան և ձեր լուման կներդնեք Հայրենիքի շենացման գործին»:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց պատկան գերատեսչություններին և համայնքային ծառայություններին՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներին Հայաստանում հավուր պատշաճի ընդունելու, տեղավորելու, նրանց անվտանգությունն ու ժամանցը կազմակերպելու համար:

Այնուհետև նախարարը ավանդույթի համաձայն «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկը հագցրեց ծրագրի ամենակրտսեր մասնակցին՝ Քուվեյթի ազգային վարժարանի սան Աբութ Ղտեին:

Շնորհակալություն հայտնելով մշտական ջերմ ընդունելության համար՝ ՌՀՄ Կրասնոդարի մասնաճյուղի կրթական խորհրդի ղեկավար Կարինե Եսայանը նշեց. «Արի տուն» ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցման իրական հնարավորություն է: Սիրելի՛ տիկին Հակոբյան, շնորհակալ ենք Ձեզ՝ ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Կրասնոդարի երկրամասի հայ պատանիներն ու աղջիկները  մի քանի տարի շարունակ ոգևորությամբ մասնակցում են և դեռ կմասնակցեն  ծրագրին»:

Այնուհետև ելույթ ունեցավ Ղազախստանի մասնակից Լուսինե Սարգսյանը՝ նշելով, որ իր հետ կտանի Հայաստանից ստացած ջերմ և անկրկնելի տպավորությունները: Ատըրաուի դպրոցի սաները (Ղազախստան)՝ տնօրեն Ալեսանդ Կարապետյանի գլխավորությամբ խոսեցին ծրագրի կարևորության մասին և ընդգծեցին, որ այսուհետ մշտապես պիտի մասնակցեն ծրագրին:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով պարգևատրեց Արարատի մարզի «Արի տուն» ծրագրի պատասխանատու Ադիբեկ Խուրշուդյանին:

Ասմունքով և ազգային երգերի կատարումներով հանդես եկան Քուվեյթից Մարիա Ղտեն, Ռուսաստանից Արփինե Բակունցը, Կարինա Եսայանը և Հրաչ Շահինյանը: Պարային համար ներկայացրին Ախալքալակի Բարալեթ գյուղի դպրոցի պարախմբի աղջիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930