«Եթե Ադրբեջանը չպատժվի, ավելի է լկտիանալու եւ սողացող պատերազմի քաղաքականությամբ շարունակելու սրել Արցախյան հակամարտությունը»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով արցախաադրբեջանական սահմանին օրերս Ադրբեջանի կողմից իրականացրած հերթական ոտնձգություններին, ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Հիշեցնենք, որ երկու օրվա ընթացքում հայկական կողմը չորս զոհ ունեցավ:
Քաղաքագետը չի կարծում, որ այս տարի Ադրբեջանը կգնա մեծածավալ պատերազմի. «Նա չի կարող հասնել զենքի բավարար համադրման: Բացի այդ, պատերազմի հետեւանքները կանխատեսելի չեն: Նրանք հասկացել են, որ այդ դեպքում հայերը համախմբվում են եւ հակահարված տալիս, ինչը ողբերգական է լինում Ադրբեջանի համար»:
Բանախոսի համոզմամբ՝ եռանախագահները պետք է կոշտացնեն քաղաքականությունն Ադրբեջանի հանդեպ. «Եթե չհաջորդեն պատժամիջոցներ, հայտարարությունները ազդեցություն չեն ունենա»:
Արա Պապյանը կարծում է, որ ներկա իրավիճակում հայկական կողմը պետք է հայտարարի՝ մենք իրավունք ենք մեզ վերապահում Ադրբեջանի տարածքում խոցել այն կետերը, որոնք խրախուսում են պատերազմը եւ որոնք տնտեսական մեծ նշանակություն ունեն Ադրբեջանի համար:
Ապա Արա Պապյանը փաստեց, որ Ադրբեջանի ուժն իր վաճառած նավթի եւ գազի փողն է. «Արտահանումը կատարում են Եվլախով, որը հիսուն կմ-ի վրա է մեր դիրքերից: Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր տնտեսական զարգացումը սպառնալիքի տակ է»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ