Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդ արցախցիներին. «Էս Հայաստանի օրինակները մի լսեք, դուք լրիվ այլ վիճակում եք» (Տեսանյութ)

Հունիս 19,2017 09:30

Ստեփանակերտում հունիսի 16-18-ն ընթացած Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի ընթացքում ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը Հայկական պետություններում սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված քաղաքական նոր իրողություններում կուսակցությունների դերակատարության մասին իր ելույթում նշեց. «ԱԺ վերջին ընտրությունները ապացուցեցին՝ նաեւ հետընտրական գործընթացների առումով, որ սա շատ ավելի փափուկ համակարգ է»: Որպես իր պնդման փաստարկ նշելով մասնավորապես հետընտրական զարգացումների բացակայությունը՝ Հրայր Թովմասյանը հավելեց, թե նախկին ընտրություններից հետո չէր կարելի պատկերացնել այն, ինչ կատարվում էր այդ Արցախի խորհրդարանի դահլիճում:

«Ընտրություններից մեկ ամիս անց հնարավո՞ր էր պատկերացնել հաղթող ու պարտվող ուժերին մեկ վայրում»,- ասաց Հրայր Թովմասյանը, որպես խորհրդարանական կառավարման առավելության «առաջին ձնծաղիկ» որակելով կատարվածը:

«Առավոտը» սակայն նկատեց, թե սա ոչ այնքան կառավարման ձեւի հարց է, որքան կոնկրետ քաղաքական ուժերի պահվածքի ու գուցե նաեւ քննարկման թեմաների յուրահատկության: Եվ հիշեցրինք, որ 2016-ի ապրիլին Արցախում ռազմական գործողությունների վերսկսումից հետո, կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում անգամ՝ արմատական ընդդիմադիր ՀԱԿ-ը առժամանակ մի կողմ թողեց իշխանության հետ տարաձայնությունները: Ու Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովում էլ տարաբեւեռ ուժերին մեկտեղել է Արցախը, այլ ոչ կառավարման խորհրդարանական ձեւի առանձնահատկությունը՝ մեր այս դիտարկմանը Հրայր Թովմասյանի պատասխանը՝ տեսանյութում:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ելույթում անդրադարձավ հետընտրական գործընթացների բացակայության մասին Հրայր Թովմասյանի մեկնաբանությանը՝ կրկնելով ավելի վաղ իր հայտնած համոզումը, թե ԱԺ ընտրություններում մարդիկ համատարած ընտրակաշառք են վերցրել, ու գնացել քվեարկություն:

«Հետընտրական պրոցեսների բացակայությունը սահմանադրության տեքստի հետ ոչ մի կապ չունի,- պնդեց Նիկոլ Փաշինյանը: – Ընտրակաշառք վերցրած քաղաքացին էն քաղաքացին չէ, որ պետք է դուրս գա փողոց ու պայքարի ապօրինության դեմ:

Ի դեպ, զավեշտալի միջադեպ եղավ այս բանավեճից հետո: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն առաջարկեց հայաստանյան տեսական վեճերը չբերել Արցախ. «Կարեւորը ոչ թե կառավարման ձեւն է, այլ, որ յուրաքանչյուր մարմին ունենա իր հստակ գործառույթները, եւ ճշգրտորեն իրականացնի դրանք»: Նաեւ նկատեց, թե Արցախում հնարավոր չէ այդ լիովին սահմանազատումը՝ բերելով Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի օրինակը, որն ավելի վաղ պաշտոնավարում էր գործադիր մարմնում՝ Արցախի ԱԳՆ-ում: Հովհաննես Իգիթյանի՝ «Եվ էս Հայաստանի օրինակները մի լսեք, դուք լրիվ այլ վիճակում եք» խորհրդին նիստը վարող Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն արձագանքեց ծիծաղելով. «Չենք էլ լսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930